Նորություններ

Հայ-լեհական արշավախմբի՝ 10 տարվա ընթացքում Մեծամորում կատարած պեղումների արդյունքները ներկայացվել են Երևանում

Գունազարդ սափորներ, կավե կճուճներ, ուլունքներ, վահանակներ, ապակե սրվակներ, քանդակներ և մի շարք այլ արժեքավոր ցուցանմուշներ տեղ են գտել «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսում, որն ամփոփում է Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում:

«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Մեծամորում պեղվում է քաղաքային թաղամաս, որում այնպիսի կառույցների մնացորդներ կան, որոնք թույլ են տալիս  վերանայելու մեր մոտեցումները Մեծամորի պատմության, պատմական հաջորդականության ու դերի վերաբերյալ: Միանշանակ է, որ այն մեծ քաղաք է եղել, որ այն Վանի թագավորության Ուրարտուի շրջանում կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել, որովհետև ուրարտացիներն այնտեղ կառուցել են սենյակներ, պալատական համալիր, որը պեղում ենք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հուշարձանն ամենաբարձր խավի ներկայացուցիչների բնակության վայրն է եղել»,-նշեց հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միայն 23-րդ դամբարանից հնագետները 137 կտոր ոսկյա իր են պեղել, փոքր դամբարանից՝ հազարից ավելի անագե ուլունքներ, 20-ից ավելի խեցեղեն, ջնարակված սափորներ:

«Լեհական կողմն օգնում է ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարել, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում ֆինանսական միջոցների և մասնագետների պակասի պատճառով: Բացի այդ՝ լեհական կողմի շնորհիվ արշավախմբի հնամարդաբանը, հնագետներից երկուսը որակավորում են ստացել Վարշավայի համալսարանում»,-տեղեկացրեց արշավախմբի համաղեկավարն ու հավելեց՝ մեծագույն ձեռքբերում է երիտասարդ հնագետների ներգրավվածությունը պեղումներին, որոնց հետ մեծ հույսեր է կապում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ուրախությամբ է հյուրընկալում ժամանակավոր ցուցադրությունն ու հիշեցնում, որ այն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համատեղ ջանքերով:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կարելի է համարել մեկնարկային նման ցուցադրությունների կազմակերպման համար: Պողոսյանը հույս ունի՝ հետագայում նաև այլ պատմահնագիտական հուշարձանների նյութեր կներկայացնեն և կխրախուսեն մարդկանց այցելել այդ հուշարձաններ, դրանց տարածքներում գործող թանգարաններ, որոնցից է Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Մարչին Ռուժիցկին նշեց՝ ցանկացել են հնագիտական արդյունքները ներկայացնող պաստառների, վահանակների ցուցադրություն կազմակերպել, սակայն քննարկումների արդյունքում որոշել են ավելի ծավալուն և ընդգրկուն ցուցադրություն կյանքի կոչել: «Հայ-լեհական արշավախմբի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին: Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ Վարշավայի համալսարանը համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչի շնորհիվ արշավախումբը  հրաշալի արդյունքներ է գրանցել՝ հնավայրում հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ պեղելով»,-ասաց նա և հիշեցրեց, որ Լեհաստանում ստեղծվել է մի հարթակ, որի շրջանակում լեհ հնագետները, աշխատելով տարբեր երկրների գործընկերների հետ, բացահայտում են այդ երկրների պատմությունն ու մշակույթը:

Ռուժիցկին հայտնեց՝ հաջորդ տարի ցուցադրություն կկազմակերպեն Մեծամորում՝ հանրությանը ներկայացնելով նոր արդյունքներ:

«Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս:

Back to top button