Նորություններ

Հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա. Վրաստանի ֆինանսների նախարարություն

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշեց, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են կանգնած․

«Վերջին 20 օրվա ընթացքում թողունակության որոշակի սահմանափակում է մտցվել, որը պատճառ է հանդիսացել, որ հերթեր գոյանան։ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա երեկվա տվյալներով մոտ 400 բեռնատար կար, որոնց մոտ 60 տոկոսը հայկական պետհամարանիշներով էին», — հայտնում է Հայրապետյանը։

Նրա խոսքով, 2 օր առաջ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհից 250-300 հայկական բեռնատար է շարժվել դեպի Լարս․

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինները մշտական կապի մեջ են թե ռուսական, թե վրացական կողմի իրենց գործընկերների հետ։ ՀՀ դեսպանը ևս այս հարցը պահում է մշտական ուշադրության կենտրոնում, որպեսզի որքան հնարավոր է հերթերը արագ ընթանան և հայկական բեռնատարները հատեն Լարսը»։

Պարզաբանելու համար, թե արդյո՞ք միայն հայկական պետհամարանիշներով մեքենաներն են հերթերի մեջ, «Ալիք մեդիան» դիմեց Վրաստանի ֆինանսների նախարարություն։  Նախարարությունից ի պատասխան տարածված լուրերի, նշեցին․ «Տեղեկությունը, թե բացի հայկական բեռնատարներից, ադրբեջանական, ղազախական, բելառուսական և թուրքական մեքենաները անարգել շարժվում են Լարսի ճանապարհին, ապատեղեկատվություն է»։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և դիտավորյալ զրպարտություն է։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում երթևեկության աճի պայմաններում բոլոր մաքսային անցակետերը անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի՝ հավասար պայմաններում բեռնափոխադրումների և մաքսային հսկողության ընթացակարգերը սահուն իրականացնելու համար։

Նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ «Կազբեգի» մաքսակետով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների/տարանցիկ ապրանքների համար որևէ սահմանափակում չկա։

«Վրաստանի ցամաքային սահմանը հատելու նպատակով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժը իրականացվում է սահմանված հերթի կարգով, քանի որ որոշ ընդունող երկրներում ենթակառուցվածքային աշխատանքների և նոր համակարգերի ներդրման պատճառով Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերահսկողության գործընթացը մասնակի հետաձգվում է, այն վերաբերում է բացառապես բոլոր բեռնատարներին» , — պատասխանել են գերատեսչությունից՝ հավելելով, որ «Միջազգային բեռնաշրջանառության աճն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում, Եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների համապատասխան մաքսային վարչությունների հետ՝ ռազմավարական կարևոր մարտահրավերները արագորեն լուծելու ուղիներ գտնելու նպատակով»։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին։

Back to top button