«ՀԱՊԿ-ը դարձել է այսբերգի երևացող մասը, մինչդեռ բուն խնդիրը ջրի տակ է»
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ բազմաթև անվտանգության մեխանիզմ հնարավոր է կառուցել ոչ թե գոյություն ունեցող, թեկուզ խնդրահարույց թևերից մեկի հետ կոնֆլիկտի գնալով, այլ նոր թևերի և նոր ուղղությունների հետ աշխատանքի ներքին կարողությունները զարգացնելով:
«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի խոսակցությունը, ըստ ամենայնի, Պուտին-Ալիև խոսակցության շարունակությունն էր, որը տեղի է ունեցել Պուտինի Երևան ժամանելուց առաջ: Այսօր էլ Ադրբեջանի նախագահն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման հարցերով ռուսաստանցի ներկայացուցիչ Իգոր Խովաևին, ով մի քանի օր առաջ նաև Հայաստանում էր:
Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ վեհաժողովում որոշակի ազդեցություն է ունեցել այս խոսակցության բովանդակությունը: Ինչպիսին է եղել այդ խոսակցությունը՝ շատ բարդ է ասել, բայց մենք ակնարկ կարող ենք դիտարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությունը, որ երեկ Պուտինի հետ ունեցած խոսակցության ընթացքում որոշակի ազդակներ է ստացել, որը կարող է լուրջ հնարավորություն լինել Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Բադալյանի խոսքով՝ երեկ ՀԱՊԿ վեհաժողովում քննարկված առանցքային հարցերից կարող էին լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Իրանին առնչվող խնդիրներ, բայց արդեն ավելի լայն համատեքստում:
«Մենք տեսանք այն ՀԱՊԿ-ը, որը մենք գիտենք, այսինքն՝ ՀԱՊԿ-ը այն կառույցն է, որը բացարձակապես հեռու է Հայաստանի համար անվտանգային, ռազմաքաղաքական բլոկի այն տրամաբանությունից, որն ակնկալվում է դե յուրե իմաստով:
Ես կարծում եմ, որ Երևանյան վեհաժողովում օրակարգային հարցերից եղել են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հակամարտության գործընթացը և դրան առնչվող խնդիրները, այլ նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հատկանշական է, որ ՀԱՊԿ վեհաժողովից առաջ Իրան էր այցելել Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, և փոխարտգործնախարարին ընդունել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Այն, որ մեր փոխարտգործնախարարին ընդունում է Իրանի արտգործնախարարը, նշանակում է, որ այցը հատուկ նշանակության է և հատուկ առարկայական քննարկելիք բովանդակություն կա այդ այցի շրջանակում: Պետք է նկատել նաև, որ վեհաժողովի օրերին Իրանում էր գտնվում Բելառուսի վարչապետի պատվիրակությունը: Այսինքն՝ մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այսօր կովկասյան անվտանգային միջավայրը էապես կախված է Իրանի շուրջ իրադրությունից, Իրան-Արևմուտք հարաբերության հեռանկարից և Իրանի ներսում տեղի ունեցող իրադրություններից:
Անկասկած է, որ ՀԱՊԿ Երևանյան վեհաժողովում սա եղել է առանցքային հարցերից մեկը»,- շեշտեց Հակոբ Բադալյանը:
Քաղաքագետը, անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ առաջարկներին, հայտարարեց.
«Ես դա դիտարկում եմ հետևյալ տրամաբանությամբ՝ մենք ի՞նչ խնդիր ենք լուծում այդ քայլը կատարելով. մենք գտնո՞ւմ նոր լուծումներ, թե՞ մենք ընդամենը նոր խնդիրներ ենք գտնում: ՀԱՊԿ-ն այստեղ դարձել է այսբերգի երևացող մասը, մինչդեռ բուն խնդիրը ջրի տակ է: Եվ այդտեղ է, որ բազմաթև անվտանգության մեխանիզմ հնարավոր է կառուցել ոչ թե գոյություն ունեցող, թեկուզ խնդրահարույց թևերից մեկի հետ կոնֆլիկտի գնալով, այլ նոր թևերի և նոր ուղղությունների հետ աշխատանքի ներքին կարողությունները զարգացնելով»,- ընդգծեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
Անահիտ Չալիկյան