Նորություններ

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ստեղծվելիք նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր:

Նոր նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների, դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրություններ և որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա, ծառայությունների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար։

Նախարարը լինելու է ծառայությունների գործունեության քաղաքական պատասխանատուն։ Նախարարության կազմում ընդգրկվող 3 ենթակա մարմինների ղեկավարներին նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է Վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Նախագծի համաձայն՝ Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենն ի պաշտոնե հանդիսանալու են ներքին գործերի նախարարի տեղակալներ:

Փաթեթային լուծմամբ առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև 4 ամիս ժամկետ՝ ԱԻՆ գործունեության դադարեցման համար: Այսինքն՝ նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված կլինի Կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, Կառավարությունը կվերադառնա 12 անդամով գործունեության ծավալմանը:

Նման լուծումը երաշխավորում է այս մեծ ռեֆորմի ընթացքում հանրությանը մատուցվող ծառայությունների անգամ մեկ րոպե կանգ չունենալը:

Ներքին գործերի նախարարության ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական և գործառնական մակարդակում այլ նախաձեռնություններ ևս, որոնք կամբողջացնեն ոլորտային բարեփոխումների իրականացումը, ինչի արդյունքում մեր քաղաքացիներին նոր նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունները մշակութային և որակական առումով կներկայանան ամբողջովին նոր մոդելով:

 

Back to top button