ՆորություններՔո ձայնը

«Այս առաջնությանը սպասում էին նաև էն տղերքը, որոնք զոհվեցին դաժան պատերազմում». Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ֆուտբոլ սիրող մարդը կհասկանա, թե ինչ է այն ֆուտբոլասերի համար։
Ինչ եմ ուզում ասել։ Երբ մենակ կամ ընկերներով կամ ընտանիքի անդամներով դիտեք խաղերը, ապա հիշեք, որ այս առաջնությանը սպասում էին նաև էն տղերքը, որոնք զոհվեցին դաժան պատերազմում։
Աբգարս, երբ իմացավ, որ Կատարի առաջնությունը սկսվելու է նոյեմբերի վերջին, ուրախությամբ ասաց` հայրիկ, ինչ լավ է, բանակից կգամ ու հանգիստ առաջնությունը կնայեմ…
Աբգարիս Բենզեմային շատ էինք նմանեցնում։ Ինքն էլ շատ էր հավանում նրա խաղը։ Երևանում մոտիկից տեսավ Բենզեմային, զարմացավ, թե տրբունայում գտնվող արաբներն ինչպես են երկրպագում, պաշտում նրան։
Երեւի խորհրդանշական է, որ Բենզեման հենց այս գիշեր որոշում կայացրեց վնասվածքի պատճառով չմասնակցել առաջնությանը։ Ես Ֆրանսիային աջակցելու էի բացառապես Բենզեմայի համար։

Մեր տանը մինչեւ հիմա իր տեղում է աշխարհի 2018-ի առաջնության պլակատը, որը լրացրել եմ նաև Աբգարիս հետ։ Հայրիկ, լավ առաջնություն էր չէ։ Ամենալավն էր չէ,- մի օր ասաց Աբագարս։ Նրա խոսքերը մինչև հիմա ականջումս են։
1982 թվականից հետո առաջին անգամ ես առաջնության պլակատ չունեմ և այն չեմ լրացնելու։
Առաջնությունը, իհարկե, դիտելու եմ, բայց…
Խաղերը դիտելուց աղոթեք ֆուտբոլ սիրող ու Երկնքում հայտնված հերոսների մասին։
Մտածեք, մտորեք, թե ովքեր ու ինչ պատճառով տղերքին զրկեցին երկրային կյանքից։ Մտածեք։ Դա անհրաժեշտ է։
Ֆուտբոլային մեկնաբաններ, համարձակություն ունեցեք խաղը մեկնաբանելիս հիշել տղերքի մասին, իսկ նրանցից ոմանք, այդ թվում Աբգարս, Հայկազը Zaven Mkrtchyan … ֆան ակումների անդամ էին։
Հիշեք, որ տղերք կային, օրինակ Հովասը, Avetiq Beybutyan, որ կրակոցների տակ եղբորից խաղի հաշիվ էր հարցնում։
Այսօր ես անդադար կհիշեմ, որ 18 ի առաջնության առաջին խաղին Աբգարիս հետ հետևել ենք Արամազդի Aramazd Ghalamkaryan տանը …
Ու այսպես ամեն մի տոն, մի կարևոր իրադարձություն մեզ` հերոսների ծնողների, քույրերի, եղբայրների համար վերածվում է մի տարօրինակ տխրության։
Վերջում անպայման ասեմ` տղերքն ավելի կան քան այս երկրի վրա քայլող միլիոնավոր մարդիկ»։

Back to top button