Նորություններ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով մինչև 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը տարանցիկ երկրներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով տարանցիկ երկիր մուտք գործելու և այնտեղ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար իրավասու մարմիններ ներկայացվելիք՝ աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, մեկնող անձանց մերձավոր ազգականների մահվան վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ  անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի, օտարերկրյա մուտքի վիզաների լուսանկարներ, անօրինական միգրացիայի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ պարունակող բջջային հեռախոսներ:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու, նշված հանցանքներին օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button