Նորություններ

Իրանի համար ցանկալի է, որ իր ռազմական փորձը Հայաստանին փոխանցի, եւ համատեղ զորավարժություններ անցկացվեն. Մոհավեդիան

Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության մեծացումը կնվազեցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կամ, ինչպես մենք ենք ասում, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման հնարավորությունները։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական կամ ռազմական դաշինք հաստատելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով երկու բարեկամ երկրների շահերի համընկումը անվտանգային հարցերում։

Իրանը, ըստ Մոհավեդիանի, Հայաստանի հետ ցանկացած տեսակի համագործակցություն ողջունում է, բայց Հայաստանն անկախ պետություն է եւ ինքը պետք է որոշի այս հարցում։ Համատեղ զորավարժություններ անցկացնելն ու Իրանի ռազմական փորձը Հայաստանին փոխանցելը, փորձագետի խոսքով, ցանկալի տարբերակ է Թեհրանի համար։

«Կարծում եմ՝ մենք պետք է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը։ Ցավոք սրտի, իրանական ընկերությունները պատրաստվում են դա եկող տարվա գարնանից անել, որքանով որ ես եմ տեղեկացված լուրերից։ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական, ռազմական, հետախուզական ոլորտներում համագործակցության մեծացումը կնվազեցնի Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Միացյալ Թագավորության՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», կամ ինչպես մենք ենք ասում՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման հնարավորությունները»,- նկատեց Մոհավեդիանը։

Նրա համոզմամբ՝ Երեւանն ու Թեհրանը պետք է ընդլայնեն համագործակցությունը նաև մշակութային եւ մեդիա ոլորտներում, որպեսզի երկու երկրներին առնչվող ապատեղեկատվությունը տարածում չգտնի եւ չազդի երկու հասարակությունների մոտեցումների վրա։

«Մի օրինակ բերեմ․ որքանով ես եմ տեղյակ, ձեր լրատվամիջոցները Թեհրանում մասնաճյուղեր չունեն․ ինչու՞։ Թեհրանում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխկապակցված լրատվական գործակալություններ են գործում։ Գիտեք, թե ինչ գործունեությամբ են նրանք զբաղվում այստեղ, բայց դուք այստեղ ներկայացված չեք։ Դուք պետք է ուղիղ խոսեք Իրանի հասարակության հետ եւ առաջին ձեռքից հստակ, ճշմարիտ տեղեկատվություն ներկայացնեք տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ, եւ այդ դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մատուցվող ապատեղեկատվությունն ու քարոզչությունն ազդեցություն չեն ունենա իրանցիների վրա։ Ես պարբերաբար խոսում եմ սրա մասին, բայց, չգիտես ինչու, այս կարեւոր հարցի վրա ուշադրություն չի դարձվում»,- նկատեց փորձագետը։

Back to top button