Նորություններ

Գյուղում այսօր ճնշող լռություն էր, թեև անպատասխան հարցերը շատ են. տեսանյութ Պեմզաշենից

Պեմզաշենում այսօր հրաժեշտ տվեցին դաժանաբար սպանված 31-ամյա կնոջն ու նրա երկու զավակներին՝ 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն, հայտնում է ԳԱԼԱ-ն:

Տունը, որտեղ կատարվել է զարհուրելի սպանությունը, կողպված է, շրջապատված ոստիկանական խմբերով:

Պեմզաշենում այսօր ճնշող լռություն էր: Բազմաթիվ մարդիկ էին եկել հրաժեշտ տալու անմեղ զոհերին: Միջադեպը ցնցել է բոլորին: Տարօրինակն այն է, որ դեպքից երեք օր անց չկա կասկածյալների շրջանակ: Գյուղում կան տեսախցիկներ, բայց նշում են՝ ոչինչ չի արձանագրվել եւ ոչինչ պարզ չէ:

Մարդիկ դժվարանում են անգամ վարկածներ քննարկել, շշուկով խոսում էին տեղի ունեցածից եւ հնչեցնում անպատասխան հարցադրումներ՝ ո՞վ կարող էր ձեռք բարձրացնել անպաշտպան կնոջ եւ երկու փոքրիկների վրա, հանցագործը գործել է միայնա՞կ, թե՝ ոչ, ինչո՞ւ չի խնայել անգամ երեխաներին, գուցե երեխաները ճանաչե՞լ են… անպատասխան հարցերը շատ են:

Համագյուղացիները պատմում են. «Ամուսինը՝ Սևակը, վերջին տարիներին հիմնականում արտերկրում էր աշխատում: Կինը՝ Զարինեն, գյուղի պոլիկլինիկայում էր աշխատում, շատ խելոք, մարդամոտ աղջիկ էր: Զավակները միշտ կոկիկ ու գեղեցիկ հագնված էին, լավ վարքով եւ առաջադիմությամբ: Սիրով ընտանիք էին, ամուսիններով իրար թև ու թիկունք էին, իրենց երեխեքին նվիրված»:

«Էդ ինչ ձեռք է եղել, որ երեխա է սպանել, էդ մատղաշ երեխեքը ինչ էին արել, պիտի բացահայտվի այս ողբերգությունը,  հանցագործին պիտի  ամենադաժան պատիժը տան: Նրանցից վատ բան չեմ տեսել, աշխատող, ազնիվ մարդիկ են: Խելքներս բան չի կտրում, թե ինչ է եղել, ոչ ոք ոչինչ չգիտի, շոկի մեջ ենք, էս ինչ դժբախտություն եկավ մեր գյուղի գլխին: Մի քանի օր առաջ խանութում երեխեքին տեսա, շատ լավ երեխեք էին»,-  հայտնեց համագյուղացիներից մեկը:

Մարդկանց ակնկալիքը մեկն է՝ հնարավորինս արագ պետք է բացահատվի սպանությունը:

 

 

Back to top button