Նորություններ

«Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ ռազմագերի». Ս.Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ  ռազմագերի: 

Հոկտեմբեր ամսվա ընթացքում  Ադրբեջանը երկրորդ անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոշտանգելով սպանել են հայ ռազմագերիներին: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը եղել է Իշխանասարի Հովազ 1 դիրքում, իսկ վերջինը՝ Վերին Շորժայում:

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

«Տեսանյութում ակնհայտ երևում են երեք  զինծառայողներ, զինծառայողները նույնականացված են, նրանք հաստատված գերիների ցանկում չեն եղել: Տեսանյութի երկու ռազմագերու մասով ունենք ապացույցներ, որ նրանց գնդակահարել են: Միջադեպը եղել է Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում, և այդ հանցագործությանը ներգրավված է ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատը»,- հայտնեց Սիրանուշ Սահակյանը:

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ  ռազմագերի:

«Սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների հետևանքով, մեր փաստահավաք խմբի տվյալներով, կրկնակի գերեվարման դեպքեր են եղել, բայց  Ադրբեջանը հաստատում է 17 գերեվարման դեպքերը, բայց առնվազն  նրանց թիվը շուրջ 35 է եղել: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գերիների մեծ մասը գնդակահարվել է, և մենք ունենք ապացույցներ, իսկ մյուսների դեպքում հանգամանքները ուսումնասիրվում են:

Վերջին միջադեպով ողջ գերիները հայրենադարձվել են, կան նաև բռնի անհետացածներ… մենք չենք կարող վստահ լինել, որ նրանք դեռևս ողջ են: Մենք այդ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում ենք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, միջազգային լրագրողներին, մարդու  իրավունքներով զբաղվող կառույցներին:

Մեր նպատակն է, որ միջազգայնորեն կարևորվի և հետաքննություն իրականացվի, և այդ հանցագործություններին ներգրավված զինծառայողները, նրանց հրամանատարները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառվեն այդ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:

Գերիների սպանությունը եղել է նախորդող երկու տարիների ընթացքում, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, այդ թվում նաև միջազգայնորեն, առանձին դրվագներով հաստատվել է պատերազմական հանցագործությունը: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող ոչ կառավարական կառույցները գրել են, որ Ադրբեջանի գործելակերպը բացահայտում է նաև պատերազմական հանցագործություն, բայց այլ հարց է, թե այդ պատերազմական հանցագործությունները կատարողները կամ պլանավորողները, հրահանգ տվողները ինչպիսի պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button