«Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը որևէ կարևոր նշանակություն չպետք է տալ». թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան շարունակում է իր նախապայմանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:
«Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումը իր մեջ ձևական բնույթ է կրում, և որևէ կարևոր նշանակություն չպետք է տալ այդ հանդիպմանը: Թուրքիայի նախագահը Պրահայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրվի, հենց այդ պահից էլ Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Էրդողանի այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երկրի ղեկավարի այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրանք ունեն և՛ նախապայման, և՛ պահանջ։

Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո դրեց այդ պայմանը և դրանով հայ-թուրքական հարաբերությունները կապեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Թուրքիայի դրած նախապայմանները ներկա փուլում սրանք են. Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչում, բայց սա չի նշանակում, որ այն թուրքական նախապայմանները, որ տասնամյակներ շարունակ նրանք դրել են՝ կապված ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի քաղաքականության հետ, կապված Կարսի պայմանագրի հետ, այս նախապայմանները առաջ չեն մղի։
Հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց չի լինի, մինչև Հայաստանն ու Ադրբեջանը չստորագրեն խաղաղության պայմանագիր, որով Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն ու սահմանի բացումն է, այլ նրանք առիթը օգտագործելով՝ փորձում են օժանդակել Ադրբեջանին, որպեսզի Հայաստանից պայմանագրի տեսքով համաձայնություն կորզեն, որով Արցախը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ:
Սաֆրաստյանն այն կարծիքին չէ, որ այս փուլում դրական զարգացումներ կլինեն հայ-թուրքական գործընթացի շուրջ:
«Ակնհայտ է, որ այս պահին սահմանը բացելու մասին խոսք չի գնում, և դա կարող է լինել, կարող է և չլինել: Ես այն կարծիքին եմ, որ 21-րդ դարում պետք է փակ սահմաններ չլինեն, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի անցնենք մեր «կարմիր գծերը», այսինքն՝ գնանք զիջումների այն սկզբունքային հարցերում, որոնք մեր ինքնության մասն են կազմում: Մենք չպետք է համաձայնենք Թուրքիայի պայմաններին:
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն պիտի պատրաստվենք, այդ թվում նաև անվտանգային հարցերում»,- շեշտեց թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքին, հայտարարեց.
«Թուրքական մամուլը Պրահայի հանդիպումից հետո և ընդհանրապես գործընթացի շրջանակում սկսեց գովաբանել Էրդողանին, որ նա խաղաղություն է բերում երկրին: Դա թուրքական մամուլի անմիջական արձագանքն է, քանի որ հուլիսին Թուրքիայում ընտրություններ են լինելու, Էրդողանը արտաքին քաղաքականությունն է օգտագործում, որպեսզի սեփական վարկանիշը բարձրացնի, որը բավականին նվազել է:
Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քան Թուրքիան:
Դրա համար էլ Թուրքիան պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ Հայաստանը չի կատարի այդ պահանջները, և այդպես գործընթացն առաջ չի գնա: Ես առանձնապես սպասելիքներ չունեմ այս գործընթացից: Իմ կարծիքով՝ այսպիսի պայմաններում, երբ մի հարևան պետությունը մյուսի նկատմամբ այդպիսի պահանջներ, նախապայմաններ է դնում, հնարավոր չէ որևէ դրական արդյունք ակնկալել, որովհետև ժամանակակից աշխարհում բոլոր բանակցությունները միջազգային իրավունքի հիման վրա են լինում, և այդ առումով երկրները իրավահավասար են, եթե Թուրքիան այդպիսի մոտեցում ցույց չի տալիս Հայաստանի նկատմամբ, ապա դա նշանակում է, որ ոչ մի դրական արդյունք էլ չի լինի»,- ընդգծեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Անահիտ Չալիկյան