Նորություններ

«Ադրբեջանը փորձում է հնարավորինս իր օրակարգից բխող հաշտության պայմանագիր պարտադրել Հայաստանին». Ա. Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս իր օրակարգից բխող հաշտության պայմանագիր պարտադրել Հայաստանին՝ օգտագործելով նաև բոլոր դիվանագիտական հարթակները:

«Քառակողմ հանդիպման ձևաչափը վերլուծելիս պետք է նշել, որ այն ձևավորվել է Արևմուտքի կողմից՝ Արցախյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հակամարտության գոտում միջնորդական հիմնական դերակատարումն ընդգծելու համար: Այդ քաղաքականության նպատակն է աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում նաև Արցախյան հակամարտության տիրույթում հնարավորինս նվազեցնել և առհասարակ դուրս թողնել  Ռուսաստանին՝ որպես առանցքային միջնորդ և ազդեցիկ դերակատար:

Պարզ է, որ Պրահայում բավականին բարդ բանակցություններ են տեղի ունեցել, և պարզ է, որ կողմերի միջև փոխզիջումներ բավականաչափ բարդ են ձեռք բերվել, և դրա պատճառաբանությունը պարզ է. դա պայմանավորված է ադրբեջանական կողմի անզիջում կեցվածքով և առավելապաշտական օրակարգով:

Արմեն Պետրոսյան

Ինչ վերաբերում է հանդիպումից հետո տարածված հայտարարությանը, ապա շատ կարևոր է, որ այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ 1991թ.-ի  Ալմաթայի համաձայնագրի և ՄԱԿ կանոնադրության շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են փոխադարձ տարածքային ամբողջականությունը, ինչը փաստացի խոսում է այն սահմանների մասին, որոնք առկա են մինչև 2021թ.-ի մայիսյան ադրբեջանական ագրեսիան, և այս կետի իրականացումը կանխատեսում է, որ ադրբեջանական կողմը  պետք է զորքերը դուրս բերի վերջին 1.5 տարվա ընթացքում զբաղեցրած դիրքերից, ինչը ևս կարևոր հանգամանք է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ փորձագետի՝ միևնույն ժամանակ տարածքային ամբողջականության ճանաչումը բարդացնելու է Արցախյան հիմնախնդրի հայանպաստ էությունը:

«Մեծ հաշվով զգալիորեն նվազեցվելու է Հայաստանի դերակատարումն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, և դրանով իրականություն է դառնում այն հանգամանքը, որի մասին առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում նշվում էր հայկական կողմից, այսինքն՝ խոսքը Արցախ-Ադրբեջան բանակցային ֆորմատով Արցախյան հիմնախնդիրը կարգավորելու հնարավորության մասին է, բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, որ այս ֆորմատի և՛ ընթացքը, և՛ արդյունքներն ու հնարավորությունները դառնալու են միջազգային գործող իրավակարգի և միջազգային հարաբերությունների համակարգի կարգավորման ներքո գործընթաց: Այսինքն՝ եթե Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվեն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, սկզբունքներին, ապա դրա պատասխանատուն դառնում է միջազգային հանրությունը: Սա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ խնդրահարույց է, որովհետև միջազգային իրավական համակարգը լիարժեքորեն չի գործում, և դրա գործունեության վրա լուրջ ազդեցություն են ունենում քաղաքական գործոնները, այսինքն՝ Ադրբեջանի և նրա կողքին կանգնած Թուրքիայի քաղաքական ազդեցությունը շատ հանգիստ կերպով կարող են ազդեցություն ունենալ միջազգային հանրության դերակատարման և դիրքորոշման վրա, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների՝ Արցախի բնակիչների համար»,- ընդգծեց տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Արմեն Պետրոսյանը Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ կարևոր է համարում նաև ձեռք բերված  պայմանավորվածությունը Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգի մասին:

«ԵՄ քաղաքացիական մոնիտորինգը կարևոր մեխանիզմ է, որովհետև պարզ է, որ եթե ԵՄ առաքելությունը լինի սահմանին, ապա քիչ հավանական է Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ էսկալացիան:

Սա ևս կարևոր հանգամանք է, չնայած որ հանդիպման ամփոփիչ տեքստում նշվում է, որ Ադրբեջանը այդ առաքելության հետ  կհամագործակցի այնքանով, որքանով որ առնչություն կունենա Ադրբեջանի հետ: Հավանաբար Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքում նոր արտաքին միջամտություն լինի, կամ  որևէ  միջազգային կառույցի ներկայացուցիչներ մուտք գործեն՝ հաշվի առնելով այն բացասական արձագանքը՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հետ կապված:

Կանխատեսելով առաջիկա զարգացումները՝ պետք է նշել, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս իր օրակարգից բխող հաշտության պայմանագիր պարտադրել Հայաստանին՝ օգտագործելով նաև բոլոր դիվանագիտական հարթակները»,- նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button