Նորություններ

«Ադրբեջանի նպատակն այն է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը պահի անորոշ, լղոզված վիճակում»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակն այն է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը պահի անորոշ, լղոզված վիճակում և այդկերպ իր ձեռքերը ազատ պահի ռազմական շանտաժի համար: Եթե ձեռք է բերվել համաձայնություն՝ Ալմաթայի համաձայնագրի և ՄԱԿ կանոնադրության շրջանակում ճանաչել փոխադարձ տարածքային ամբողջականությունը, ապա դա նշանակում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը լինելու է խորհրդային սահմանները:

«Երեկ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը նախկինում տեղի ունեցած հանդիպումների համեմատ էական տարբերություն գոնե առայժմ չի դրսևորել: Իհարկե կարող ենք խոսել այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Եվրամիության քաղաքացիական մոնիտորինգի մասին, որը ավելի շատ հայ-ֆրանսիական պայմանավորվածություն է, որին դեմ չի եղել կամ չի խոչընդոտել Ադրբեջանը, ինչի մասին վկայում է ձևակերպումը, թե Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Մենք այստեղ գործ ունենք շատ հարաբերական նոր տարրի հետ, որի առկայությունը իհարկե վնասակար չէ, բայց պետք չէ ակնկալել, որ դա շատ մեծ փոփոխություն է իր հետ բերելու իրավիճակի առումով: Մնացած առումներով ես կարծում եմ, որ իրավիճակը շարունակում է գտնվել դետալային համաձայնությունների հարթության շրջանակում, և այս ուղղությամբ աշխատանքը թե ինչպես կընթանա, կախված է  նաև աշխարհաքաղաքական իրողություններից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանի վարչապետը  թվիթերյան գրառմամբ արձանագրել է, որ Ադրբեջանը համաձայն չի եղել հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Եվ դա թերևս այն պատճառով, որ Երևանն էլ համաձայն չէ այդ ապաշրջափակման այն ռեժիմին, որ պահանջում է Բաքուն, այլ կերպ ասած՝ «արտատարածքային միջանցք»:

«Սա նշանակում է, որ չկա համաձայնություն Արցախի անվտանգության և արցախահայության իրավունքների հարցում: Այսինքն՝ եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ, ապա Ադրբեջանն էլ դրական կարձագանքեր հաղորդուղիների ապաշրջափակմանը, որովհետև բնական է, որ եթե բացասական է արձագանքում, դա նշանակում է, որ  Ադրբեջանը շարունակում է, այսպես կոչված, միջանցքը պահանջել: Մենք գիտենք, որ Ադրբեջանը, այսպես կոչված, միջանցքի պահանջը ներկայացնում է Արցախյան հարցին զուգահեռ: Եվ եթե Հայաստանը հրաժարվեր այդ հարցում իր դիրքորոշումից, ապա Ադրբեջանն էլ միջանցքային հարցում կհրաժարվեր իր պահանջներից և դրական կարձագանքեր հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Հետևաբար Հայաստանի վարչապետի գրառումը բանալու իմաստ ունի՝ մեզ հուշելով, որ Արցախի անվտանգության և արցախահայության իրավունքների հարցում Պրահայում կողմերը չեն եկել համաձայնության: Այս պարագայում տարածքային ամբողջականության մոտեցումները որպես ելակետ կարևոր են և եթե նպաստում են իրավիճակը կայուն պահելուն, ապա անշուշտ ողջունելի է:

Մենք նաև տեսնում ենք, որ բովանդակային մանրամասների և ամբողջականության իմաստով այդ համաձայնությունները դեռևս հեռու են սկզբունքային լինելուց»,- հայտարարեց Բադալյանը:

Քաղաքագետը, խոսելով սահմանազատման և սահմանագծման գործընթացից, նկատում է, որ դա գործիք է, որը կզսպի Ադրբեջանին:

«Բերելու է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը հետ կգնա իր զբաղեցրած տարածքներից, այսինքն՝ սա գործիքներից մեկն է, որը բնականաբար բացարձակ արդյունք չի երաշխավորում, բայց անշուշտ մեկն է այն գործիքներից, որով պետք է աշխատի Հայաստանը: Այստեղ է, որ Ադրբեջանը չի դրսևորում այդ գործիքը կիրառելու առանձնակի նախաձեռնողականություն՝ շատ լավ հասկանալով, որ դա կսահմանափակի իր ռազմական շանտաժի հնարավորությունները: Սա բարդ գործընթաց է, ընդհանուր առմամբ այս գործընթացը պայմանավորված է նաև ընդհանուր քաղաքական համաձայնությունների միջավայրով: Չեմ կարծում, որ մոտալուտ արդյունք կլինի»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Ադրբեջանը ցանկանում է սահմանազատել և սահմանագծել Հայաստանի հետ սահմանը 1919-1920 թվականների քարտեզներով, Բադալյանը, անդրադառնալով այդ խոսակցություններին, ասում է՝ երեկ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, իսկ դա նշանակում է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքը նախկին խորհրդային սահմաններն են:

«Ադրբեջանի նպատակն այն է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը պահի անորոշ, լղոզված վիճակում և այդկերպ իր ձեռքերը ազատ պահի ռազմական շանտաժի համար: Եթե ձեռք է բերվել համաձայնություն՝ Ալմա-Աթայի համաձայնագրի և ՄԱԿ կանոնադրության շրջանակում ճանաչել փոխադարձ տարածքային ամբողջականությունը, ապա դա նշանակում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը լինելու են խորհրդային սահմանները»,- հայտարարեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button