ՄիջազգայինՆորություններ

Իրանական մամուլ. Գանցի այցն Ադրբեջան վկայում է, որ Ալիևը ձգտում է հրահրել նոր բախումներ հայ-ադրբեջանական սահմանին

Իրանական մամուլում շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Իսրայել-Ադրբեջան կապերի ամրապնդման և ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության փաստը:

Մասնավորապես Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում «Ադրբեջանը պատերազմի է ձգտում» վերնագրով հոդված է հրապարակվել, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, կողմերի հայտարարություններին, միջազգային արձագանքին: Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի Բաքու կատարած այցին: Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինություն գնել Իսրայելից, և Գանցի այցն էլ վկայում է, որ Իլհամ Ալիևը ձգտում է հրահրել նոր բախումներ հայ-ադրբեջանական սահմանին:

Իսկ իրանական Iranpress լրատվակայքն անդրադարձ է կատարել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի Ադրբեջան այցին:

«Գանցի Բաքու այցի լուսաբանման ձևը մի դառը ճշմարտության մասին է խոսում: Այդ դառը ճշմարտությունն այն է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով Իլհամ Ալիևի կառավարությունը պաշտոնապես համագործակցում է Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ»,- նշվել է հոդվածում:

Ընդգծվել է, որ Իսրայելը կարողացել է բազմաթիվ լրտեսական օբյեկտներ տեղակայել Իրանի հետ Ադրբեջանի սահմանին և այդ կերպ նպաստել Իրանի ներսում անկարգությունների հրահրմանը։ Նշվել է , որ Իլհամ Ալիևի անձնական աջակցության շնորհիվ Իսրայելը կարողանում է Ադրբեջանի տարածքից ճնշում գործադրել Իրանի վրա, և դա այն պարագայում, երբ Բաքուն ու Թեհրանը անվտանգային ոլորտում համաձայնագրեր ունեն ստորագրած, ըստ որոնց երրորդ կողմերը չպետք է օգտագործեն երկրներից մեկի տարածքը մյուսի դեմ:

Back to top button