Նորություններ

Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է.

«Հարգարժան պարոն դեսպան,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։

Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ, կյանքի կոչելով ինքնորոշման իրավունքը, խաղաղ ճանապարհով սկիզբ դրեց երկրի վերամիավորմանը։

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աշխարհի և Եվրամիության առաջատար երկրներից մեկն է, այն օրինակելի է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման տեսանկյունից:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել է հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ առկա ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացմանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխգործակցությունը դինամիկ զարգացել է: Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև ստեղծված բարեկամական կապերն ու փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է՝ միասնաբար հաղթահարելու առկա տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերները։ Վստահ եմ, որ երկուստեք կներդնենք բոլոր ջանքերը հայ-գերմանական հարաբերություններն ամրապնդելու, առևտրատնտեսական համագործակցության առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Այս համատեքստում չեմ կարող չմատնանշել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեության կարևորությունը:

Հարգարժան դեսպան,

Օգտվելով առիթից` ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Գերմանիայի հայկական համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:

Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես և ԵՄ շրջանակներում։

Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին, ԳԴՀ Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն:

Շնորհակալություն»:

Back to top button