Նորություններ

Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Մխիթար Զաքարյանին

Այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ որոշում է կայացրել մանդատը վայր դնելու մասին։

Մխիթար Զաքարյանը 2016-2021թթ. զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը: 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում դարձել է 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր:

Նշենք, որ 2021թ.-ի հուլիսին Մխիթար Զաքարյանը կալանավորվեց, վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը)։
Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Մխիթար Զաքարյանին, սա «Հայաստան» դաշինքի ցուցակից պարզ չէ, որովհետև ցուցակի հաջորդ երեք համարները արդեն ԱԺ-ում են:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ «Հայաստան» դաշինքի ամբողջական ցուցակում ընդգրկված է 153 թեկնածու:

ԳԱԼԱ-ն  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք խմբակցությունում ունեն որոշում, թե ԱԺ-ում ով կփոխարինի պատգամավոր Մխիթար Զաքարյանին:

«Այս պահին այդ հարցը խմբակցությունում չի քննարկվել»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների Մխիթար Զաքարյանի փոխարեն մանդատը կվերցնի ցուցակի 35-րդ համարը՝ Գառնիկ Դանիելյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button