Նորություններ

«Արցախի տարածքները առանց կրակոցի հանձնելու ժամանակ Փաշինյանը չէ՞ր մտածում, որ կարելի է հաշվի առնել, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է». Ա.Մոսիյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանն ասում է, որ իրենք Ադրբեջանի հետ բանակցելուն դեմ չեն, խնդիր չունեն, բայց Փաշինյանին հարց ունեն. երբ Արցախի տարածքները ստորագրելով հանձնում էր, չէ՞ր հիշում, որ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով: 

«Ադրբեջանի ունեցած նկրտումները Արցախի նկատմամբ մեզ համար նորություն չէ, մեզ համար անգամ նորություն չէ Փաշինյանի կողմից անթույլատրելի զիջումների գնալը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին և Ադրբեջանի կողմից պայմաններ առաջ քաշելուն, մենք մի տարուց ավելի ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչախմբով Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություններ, և ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը հիշեցնում է այդ պայմանավորվածությունների մասին:

Որպեսզի կարողանանք գնահատական տալ, թե ինչ ապագա է մեզ սպասվում, պետք է իմանանք Նիկոլ Փաշինյանի ընկալումների և բանավոր պայմանավորվածությունների շրջանակը: Մենք դեռևս ապրիլին ԱԺ բոլոր խմբակցություններով ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որտեղ հստակ ասել ենք, որ բացառում ենք Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակով կլինի դա: 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, իսկ երեկ մեր հավաքական դիրքորոշումը ԱԽ նիստում ենք վերահաստատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նրա այս հայտարարությունը, Արթուր Մոսիյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը իր վարչախմբի հետ միասին վաղուց ձեռքերը լվացել է Արցախից, և շատ ավելի լավ կլիներ, որ իր այս հայտարարությունը աներ ավելի շուտ, մինչև պատերազմը սկսվելը, երբ 2019-ին Ստեփանակերտի հրապարակում գոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով վիճակը մոտեցրեց պատերազմի, իսկ հիմա Հայաստանն ու Արցախը հասցրել է կործանման և հիմա ասում է՝ սա է վիճակը: Փաշինյանը ամեն անգամ իր պայմանավորվածությունները իրականացնելիս մարդկանց սթրեսի է ենթարկում:

Մենք Նիկոլ Փաշինյանին առաջարկել էինք, որ եթե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մի կետ էլ ավելացնի, որտեղ նշված կլինի, որ Լեռնային Ղարաբաղի և նրա կարգավիճակի հարցը հետաձգվում է, բայց եթե Փաշինյանն ասում է, որ Տեղ գյուղից այն կողմն Ադրբեջան է, այս մարդուց էլ ինչ կարելի է սպասել:

Արցախը չի կարող Բաքվի հետ ուղիղ բանակցությունների գնալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում:

Մենք Ադրբեջանի հետ բանակցելուն դեմ չենք, մենք խնդիր չունենք, բայց ես Փաշինյան Նիկոլին հարց ունեմ. էն ժամանակ, որ Արցախի տարածքները ստորագրելով հանձնում էր, չէ՞ր հիշում, որ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով: Արցախի տարածքները առանց կրակոցի հանձնելու ժամանակ չէր մտածում, որ կարելի է հաշվի առնել, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է:

Համայն հայության հետագա անելիքը համախմբվելն ու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որպեսզի կարողանանք Հայաստանն ու Արցախը փրկել»,- հայտարարեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button