Նորություններ

Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. մարմար քարով բարձված ZIL 130-ը, Լուսագյուղ գյուղի անտառում մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է գետում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արշակ Իգիթխանյանն իր վարած ZIL 130 մակնիշի բեռնատարով Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա ծառերին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր՝ հայտնվել անտառով հոսող գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Իգիթխանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա  Հայկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հրշեջ փրկարարների ու ոստիկանների կողմից պատգարակով անտառից դուրս բերված վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:

Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները և մոտեցրել դիատարին:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մարմար քարով, և այն ամբողջությամբ թափվել է, ավտոմեքենայի վրայի գազաբալոնները նույնպես պոկվել ու շպրտվել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button