Նորություններ

«Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող հայկական մնալ, դա բոլորն էլ շատ լավ հասկանում են». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» ՔՄԴ խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանի խոսքով՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ անգամ քննարկումներն անընդունելի են:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն պատրաստ չեն ո՛չ ճանաչել ԼՂ անկախությունը, ո՛չ էլ այն ճանաչել որպես Հայաստանի մաս, մեզ համար էլ է հասկանալի, և մենք խորհրդարանական ուժերով Արցախի նախագահի հետ ենք հանդիպել, առաջարկել ենք անվտանգության խորհրդի նիստ, որպեսզի քննարկենք և հասկանանք մեր անելիքները: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ անգամ քննարկումներն անընդունելի են մեզ համար, դա մեր կարմիր գիծն է,Արցախի ժողովուրդը հաստատակամ է չշեղվել իր ընտրած ուղուց: Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող հայկական մնալ, դա բոլորն էլ շատ լավ հասկանում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» ՔՄԴ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան

Հարությունյանի խոսքով՝ չեն կարող առանց Արցախի ձայնը հաշվի առնելու ինչ-որ հարցեր լուծել:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, և այնտեղ նշված երեք հիմնարար սկզբունքների (ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, բայց ըստ էության Ադրբեջանը ուժի չկիրառման սկզբունքը արդեն խախտել է) վրա պիտի քննարկել արցախյան հակամարտության կարգավորումը, որևէ ձևաչափի փոփոխություն չեմ կարծում, որ արդյունավետ կլինի:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա ասել ենք, որ անկախ Արցախը որևէ կապ չունի Խորհրդային Միությունից անկախացած Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և այն ժամանակվա գործող օրենքների համաձայն՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից, նույն տրամաբանությամբ, նույն գործընթացներով Արցախն է ինքնորոշվել և հռչակվել որպես առանձին պետություն: Այս ամենը ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների տակ, և տարիներ շարունակ բանակցությունները վարել են հենց այդ սկզբունքների հիման վրա:

Արցախի հարցի վերջնական լուծումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում, դրա այլընտրանքը չենք պատկերացնում:

Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը դուրս մղել, անընդհատ հայտարարում է, որ Արցախի հարց չկա, Արցախի հարցը լուծվել է, պատերազմից հետո հիմնական խոսույթը այդ մասին է»,- շեշտեց Հարությունյանը:

Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է: Այսօր առկա է այդ վտանգը, ինչպե՞ս եք  պատկերացնում Արցախի հետագա ճակատագիրը, Արցախի ապագան:

Հարցին ի պատասխան՝ Արթուր Հարությունյանը հայտարարեց.

«Արցախը ոչ մի հիմքով չի  կարող լինել Ադրբեջանի կազմում՝ թե՛ բարոյական, թե՛ պատմական:

Մենք պիտի պայքարենք այդ ուղղությամբ, թույլ չտանք, որպեսզի կիրառվեն երկակի ստանդարտներ: Ամեն ինչ պիտի անենք, որ մնա  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և շարունակի աշխատանքը, հարկ եղած դեպքում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, թե իրավական հիմքեր ներկայացնելով՝ լսելի դարձնենք բոլոր այն հիմքերը, որոնք թույլ չեն տալիս, որ Արցախը որևէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button