ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում ռուսաստանցիների ներկայությունը բազմաշերտ ազդեցություն կունենա. կարծիքներ

Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ-ի միլիոնավոր քաղաքացիներ արտագաղթում են այլ երկրներ, և Վրաստանն այդ երկրների ցանկում է: ՌԴ-ի քաղաքացիների անկառավարելի ներհոսքն անհանգստացնում է Վրաստանի բնակչությանը. տնտեսագետներն ահազանգում են, որ այդ իրավիճակը բազմաթիվ խնդիրներ կհարուցի Վրաստանի համար. նրանց ներկայության և՛ տնտեսական, և՛ սոցիալական ազդեցությունը բազմաշերտ կլինի։

Տնտեսագետ Ռամազ Գեռլիանին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ՌԴ-ի քաղաքացիների Վրաստան զանգվածային ներհոսքով պայմանավորված` առաջիկայում ծագելու է աշխատատատեղերի խնդիր, ինչն էլ իր բացասական հետևանքները կունենա Վրաստանի քաղաքացիների ու սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

«Քանի որ անհայտ է, թե ՌԴ-ի քաղաքացիները որքան ժամանակ են մնալու Վրաստանում, հետևաբար, բնական է, որ նրանք սկսելու են աշխատանք փնտրել, և դրան հետևելու է աշխատատեղերի խնդիրը Վրաստանում»,- ասում է տնտեսագետը:

Ըստ նրա, այս ամենը հանգեցնելու է վրաց հասարակությունում գործազրկության սրմանը: Գեռլիանիի խոսքով, Ռուսաստանը լքող միգրանտները վտանգ են ներկայացնում ոչ միայն Վրաստանի, ալ նաև տարածաշրջանի տնտեսության համար:

Վրաստանի առաջին խորհրդարանի անդամ, ագրարային և բնապահպանական փորձագետ Բիձինա Գիորգոբիանին նկատում է՝ ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունները երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն կվնասեն տարածաշրջանի տնտեսությանը:

«Այսօր Վրաստանում արձանագրվում է տնտեսական աճ, որը պայմանավորված է որոշակի պայմանների ազդեցությամբ, իսկ թե ինչ կլինի ապագայում՝ ռազմական գործողությունների սրման դեպքում, դժվար է կանխատեսել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Գիորգոբիանին:

Փորձագետի խոսքով, Ռուսաստանից փախստականների հոսքը դեպի Վրաստան այնքան շատ տնտեսական խնդիրներ չի ստեղծում, որքան հումանիտար։

«Աշխարհի դեմոկրատական ​​երկրներն առանց սահմանափակումների ընդունում են պատերազմի փախստականներին։ Չնայած Վրաստանի համեստ կարողություններին, մենք շատ բան ենք արել ուկրաինացի, բելառուս և ռուս փախստականներին ապաստան տալու համար։ Մենք չպետք է ուշադրություն դարձնենք սադրիչներին և ծայրահեղական քաղաքական խմբավորումներին և շարունակենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել փախստականներին»,- ասում է Վրաստանի առաջին խորհրդարանի անդամը:

aliq.ge

Back to top button