ՄիջազգայինՆորություններ

«Նոր գերեվարման դեպքերի վերաբերյալ մենք կարող ենք նորից բախվել նույն խնդրին». ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը տրամադրել է տեղեկատվություն, բայց դա ամբողջական չէ:

«Պետությունը միջպետական գանգատի շրջանակներում մեկ նույնականացված և մոտ երկու տասնյակ չնույնականացված զինծառայողների մասով ներկայացրել էր հրատապ միջոցի խնդրանք: Մենք էլ նույնականացրել և անհատապես էինք դիմել, որպեսզի յուրաքանչյուր զինծառայողի հարցով անհատականացված հարցումներ իրականացվեն: Ադրբեջանը տրամադրել է տեղեկատվություն, բայց դա  ամբողջական չէ, որոշ գործերով հաստատել է գերեվարման փաստը, իսկ մնացյալ դեպքերով հայտնել է, որ հաստատումները եղել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով և խնդրել է հավելյալ ժամանակ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: Այս պահին մենք ունենք պատասխաններ, որոնք մեզ որոշակի տեղեկատվություն են տալիս հաստատված գերիների գտնվելու վայրի, նրանց առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ, բայց առաջիկայում սպասվում է ամբողջական տեղեկատվություն: Ադրբեջանի կառավարությունը մի քանի անգամ ժամկետներ ավելացնելու խնդրանքով է դիմել դատարանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Նրա փոխանցմամբ՝սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց թիվը հասնում է երկու տասնյակի, բայց չեն բացառվում նաև գերեվարման այլ դեպքերը:

«Մոտ 20 զինծառայող գերեվարվել է, և այստեղ կասկած չկա, իսկ մյուս դեպքերի վերաբերյալ կխոսենք, երբ ավարտվեն նույնականացման աշխատանքները և անհետ կորելու դեպքերը ենթարկվեն համալիր ուսումնասիրության:

Մենք ունենք տեսանյութերով տարածված դեպքեր, բայց դեռևս այդ դեպքերով տեղեկատվություն տրամադրված չէ:

Մենք նոր գերեվարման դեպքերի վերաբերյալ կարող ենք նորից բախվել նույն խնդրին, այսինքն՝ Ադրբեջանի կողմից գերիների հայրենադարձման արհեստական ձգձգման:

Դրա պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը գերիների հարցը քաղաքականացրել է. ինչքան շատանում են գերեվարման դեպքերը, Ադրբեջանի համար դառնում է ազդեցիկ լծակ, և կարծում  եմ, որ Ադրբեջանը շարունակելու է իր գործելաոճը»,- ընդգծեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button