Նորություններ

Վերջին ամիսներին Ստեփանակերտում վերանորոգվել է հրետակոծությունից տուժած 32 տուն

Վերջին ամիսներին Ստեփանակերտում քաղաքային իշխանության նախաձեռնությամբ իրականացվել կամ շարունակվում են կյանքի կոչվել բազմաբնույթ շինարարական ծրագրեր:

Ինչպես տեղեկացրել էն Ստեփանակերտի քաղաքապետարանից՝ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակներում 5 բնակարաններ արդեն վերանորոգվում են: Եվս 10 բնակարանների վերանորոգման համար հայտարարված է մրցույթ: 19 ընտանիքների էլ բնակարանի վերանորոգման նպատակով տրամադրվել է փոխհատուցման գումար: Հրետակոծությունից տուժած 32 տուն վերանորոգվել է:

Բարեկարգվել են Իսակով 1ա և 3 շենքերի բակերը, նաև վերակառուցվել է նշված հասցեների հարակից վթարային հենապատը:

Նախատեսվում է բարեկարգել Հեքիմյան 16 և 18 շենքերի ավտոկայանատեղին: Ընթացքում է Հեքիմյան 3բ շենքի խաղահրապարակի կառուցումը, Անդրանիկի 6 շենքի խաղահրապարակի նախագիծն արդեն հաստատված է, և մինչև տարեվերջ այն կիրագործվի: Մանուկյան 120 շենքի խաղահրապարակի նախագիծն էլ պատվիրված է: Վերանորոգվում են Սարոյան 2, Հեքիմյան 16 շենքերի կողային պատերի ճակատները: Ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում Իսակով ու Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում: Այս և քաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նաև տեղադրվում են լուսացույցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով:

Մինչև տարեվերջ նախատեսվում է փոխարինել Հեքիմյան 2բ և 14բ բազմահարկ շենքերի վերելակները:

Հաշմանդամների համար քաղաքում տեղաշարժվելը փոքրիշատե հարմար դարձնելու նպատակով թեքահարթակներ են կառուցվել Շախմատի Կենտրոնական տան և Ազգային վիճակագրական ծառայության շենքի հարակից տարածքներում:

Համար 10 հիմնական դպրոցի հիմնանորոգման համալիր ծրագրի իրականացումն ակտիվ փուլում է. աշխատանքներն ընթանում են լայն թափով:

Back to top button