Նորություններ

«Ժողովուրդը պետք է իմանա, թե ովքեր են վճռական պահին մեզ դնում հարվածի տակ». Ա.Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ ամիսներ կամ միգուցե մի տարի առաջ Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլար է վճարել Ռուսաստանին սպառազինություն ձեռք բերելու համար, բայց ռուսական կողմը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները:

«Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Հայաստանը բավականին թուլացած է դուրս եկել պատերազմից, և փորձում է ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտներ ստանալ, այսինքն՝ Հայաստանին ճնշելով-ստիպելով՝ փորձում է նոր զիջումներ կորզել: Դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ սադրանքներ և ագրեսիա է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Ադրբեջանի նպատակը շատ պարզ է. Ալիևի ցանկություններով խաղաղության պայմանագրի կնքում, ըստ որի Հայաստանը պիտի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով Արցախի հարցը կուղարկի պատմության «աղբարկղ», սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնի և այլն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Քաղաքագետն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը լուծում կարող է լինել սահմանային իրավիճակի հարցում, հայտարարեց.

Արմեն Վարդանյան

«Միջազգային դիտորդների մասով ես թերահավատություն ունեմ, իհարկե լավ գաղափար է, բայց այդ գաղափարի իրականացումը ոչ միայն բարդ է, այլ նաև ժամանակատար:

Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը բանակի ու սպառազինության հզորացումն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմական բալանսի վերականգնումը, որն էլ կլուծի մեր անվտանգության խնդիրները»,- նշեց Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 100 մլն-ավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստան զենք չեն մատակարարում, այդ թվում դաշնակից երկրները: Փաշինյանի հայտարարությունը ի՞նչ մեսիջ էր պարունակում: Արմեն Վարդանյանը, անդրադառնալով հայտարարությանը, նշեց.

«Այդ հայտարարության հստակ հասցեատերը Ռուսաստանն է, ամիսներ կամ միգուցե մի տարի առաջ Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլար է վճարել  Ռուսաստանին սպառազինություն ձեռք բերելու համար, բայց ռուսական կողմը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, և, այո, ժողովուրդը պետք է իմանա, թե ով է մեր դաշնակիցը, ով բարեկամը, և ով է դաշնակցի անվան տակ թիկունքից մեր երկրին հարվածողը:

Ժողովուրդը պետք է  իմանա, թե ովքեր են մեզ վճռական պահին դնում հարվածի տակ, որպեսզի այլևս պատրանքներ չունենա Ռուսաստանի հետ դաշնակցության մասով: Մենք պիտի շատ զգուշավոր արտաքին քաղաքականություն վարենք, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հասել են գագաթնակետին, և մեկ քայլ է բաժանում այդ հարաբերությունները միջուկային հարվածներից:

Աշխարհը շատ լարված և ծանր վիճակում է գտնվում, և մենք պետք է լարախաղացի ճարպկությամբ մանևրենք, ինչը անում է այս իշխանությունը: Դրան զուգահեռ պետք է նաև կամաց-կամաց մեր կախվածությունը թուլացնենք Ռուսաստանից:

Այդ ճանապարհին շատ կարևոր է զենքի գնման դիվերսիֆիկացումը. Ադրբեջանը տասից ավելի երկրներից զենք է գնում, իսկ մենք հույսներս դրել ենք միայն ռուսական զենքի վրա, մեր սպառազինության 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից, և մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ռուսական կողմը կամ ուշացնում է, կամ դիտավորյալ ձգձգում, կամ ընդհանրապես չի մատակարարում, և ստացվում է, որ մենք միշտ կոտրած տաշտակի առջև ենք հայտնվում: Զենքի մատակարարումը մեզ վրա կիրառվող լծակ էր Ռուսաստանի կողմից:

Հիմա պետք է տարբեր բնագավառներում Ռուսաստանից ունեցած մեր կախվածությունը թուլացնել և՛ զենքի գնման ոլորտում, և՛ էներգետիկ հարցերով, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական: Բոլոր առումներով մենք պիտի մեր անկախությունը ավելի ամրապնդենք և թուլացնենք այդ կախվածությունը»,- ընդգծեց քաղաքագետ  Արմեն Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button