Նորություններ

«Այս իրավիճակում չէինք հայտնվի, եթե 2016-ից հետո դասեր քաղեինք, 2020-ից հետո դասեր քաղեինք.». Ա.Եդիգարյան

Գյումրու «Հայորդաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանի նախաձեռնությամբ մաքրվում  և կարգի են բերվում Գյումրիում առկա թաքստոցները, պատսպարման վայրերը՝ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար: Եդիգարյանի խոսքով՝ ապաստարանների անհրաժեշտությունը առաջնային կարևորության հարցերից է:

«Հիմա, երբ  մենք օրհասական իրավիճակի մեջ ենք, սպասելն այլևս անհնար է: Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ համախմբում ենք այն մարդկանց, ովքեր մշտապես ցուցաբերում են պատրաստակամություն՝ օգտակար գործ անելու: Մեր շուրջը հավաքվեցին կամավորներ, և մենք սկսեցինք մաքրել թաքստոցները: Հիմա չենք անում այն, ինչ արել ենք Ապրիլյան քառօրյա  պատերազմի և Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որովհետև իրականությունը այնպիսին է, որ այսօր շատ ավելի կարևոր է թաքստոցների հարցը լուծելը, քան թիկունքից ճակատ ինչ-որ բան ուղարկելը, որովհետև դրանով ուրիշները զբաղվում են: Այսօր շատ կարևոր անելիքներ կան, ես անտարբեր քաղաքացի չեմ և չեմ կարող նստել ու սպասել, թե ինչ է լինելու: Այսինքն՝ այն, ինչ հիմա նախաձեռնել ենք, ավարտելուց հետո կանցնենք մեկ ուրիշ ավելի կարևոր գործի, և կարևոր չէ, թե դա մեզնից ինչ ջանք և ռեսուրս է տանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գյումրու «Հայորդաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:

Եդիգարյանն ասում է՝ ցավալին այն է, որ մենք որևէ  իրադարձությունից չսովորեցինք դասեր քաղել, և մեր բոլոր խնդիրները գալիս են այդտեղից:

«Այս իրավիճակում չէինք հայտնվի, եթե 2016-ից հետո դասեր քաղեինք, 2020-ից հետո դասեր քաղեինք: Մենք անընդհատ սխալվում ենք ու չենք հասկանում, որ պարբերաբար կորցնում, հա կորցնում ենք: Հիմա մենք կորցնելու իրավունք չունենք, պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և  մտածել, թե ինչպես պիտի դուրս գանք այս իրավիճակից, այլապես մեզ սերունդները չեն ներելու: Մենք մազից կախված իրավիճակում ենք, բայց պիտի հավատալ, որ սա վերջը չէ:

Մեր ազգը միշտ փնտրում է դաշնակիցներ՝ դաշն չլինելով ինքն իր հետ, մենք մեր ներսում դաշն չենք, փնտրում ենք դաշնակիցներ ու միշտ սխալվում ենք այդ հարցում: Ամեն անգամ նույն սխալն ենք անում և էլի նույն ուղղությամբ ենք նայում:

Այսօր ոչ թե հայրենասեր, այլ հենց հայրենատեր սերունդ է մեծանում. նրանք հողի և հայրենիքի գիտակցումը ունեն, իրենց հայրենիքի ներսում են տեսնում, սա ես շատ եմ կարևորում, որովհետև հայրենիքին տեր պետք է լինել ներսից և ոչ թե դրսից ամպագոռգոռ և բարձրագոչ արտահայտություններով հայրենիք սիրել ու հայրենիքից ինչ-որ բաներ պահանջել: Այս սերունդը հայրենիք սիրող սերունդ է, պիտի ունենա բոլոր պայմանները հայրենիքում ապրելու և հայրենիքում արարելու համար»,- նշեց Աստղիկ Եդիգարյանը:

«Հայորդաց տան» տնօրենն ասում է՝ պատերազմը «ողնաշար» է կոտրել, բայց «սայլակին» նստած՝ ես լավատես եմ:

«Պետք է մտածել դրա կրկնությունը թույլ  չտալու համար, մենք շատ ենք կառչում անցյալից, իհարկե առանց դրա հնարավոր չէ, բայց եթե կառչում ենք անցյալից, ապա միայն ճիշտ շարունակության համար:

Էս ծանր իրավիճակում էլ ինձ սյունեցու արյունն է առաջ մղում, որովհետև սյունեցին եթե կոտրվեր, մենք Լեռնահայաստան չէինք ունենա: Մեզ նաև պիտի  առաջ մղի այն մարդկանց հիշատակը, ովքեր Լեռնահայաստան են պահել, իսկ այդ մարդիկ իմ պապերն են»,- ընդգծեց «Հայորդաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button