Նորություններ

Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսներին առձեռն կհանձնվեն ծանուցագրեր, մոբիլիզացիոն կետ է տեղակայվել

Հյուսիսային Օսեթիայի մուտքերի մոտ և Վերին Լարսի անցակետում կազմակերպվում են շարժական օպերատիվ խմբեր՝ կազմված ՌԴ զինկոմիսարիատների և գործադիր իշխանության ներկայացուցիչներից, ովքեր ծանուցումներ են տալու զորակոչի ենթականերին՝ անկախ տարածաշրջանից, որտեղ որ նրանք գրանցված են եղել նախկինում:

Այս մասին RBC-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունից:

Մինչ այս իշխանությունները հայտարարել էին, որ աշխատանքային խումբն իրենց ձեռքում ունեցել է միայն Հյուսիսային Օսիայի  բնակիչների ցուցակները, որոնք ենթակա են եղել մասնակի մոբիլիզացման։ Այսպիսով, հանրապետությունից հեռացողներին զննում էին ըստ ցուցակի, իսկ մոբիլիզացիայի տակ ընկածները ծանուցումներ էին ստանում։

«Հիմա իրավիճակը փոխվում է. Այժմ օպերատիվ խմբերը ցուցակներ կունենան Ռուսաստանի այլ շրջաններից էլ՝ անկախ զինվորական հաշվառման վայրից: Ցուցակներում ներառված են երկրի սահմանը հատած բոլոր զորակոչային տարիքի տղամարդկանց անունները»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն ասել է, որ արդեն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, սահմանի մոտ ցուցանակ է տեղադրվելու այն մասին, որ մոբիլիզացիոն կետ կա։ Նրա աշխատակիցները մեկնելու ենթակա ռուսներին նախ  կտեղեկացնեն, որ «ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ, այլ վերադառնալ», իսկ նախազգուշացմանը չհետևելու դեպքում նոր կձեռնարկվեն միջոցառումներ:

Ստացվում է՝ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ հերթի մեջ սպասող ՌԴ քաղաքացի տղամարդկանց մոբիլիզացիայի մասին ծանուցագրեր կտրամադրվեն տեղում, առձեռն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:  Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը:

Ռուսաստանի քաղաքացիների մի մասը սկսել է լքել երկիրը անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին երկրում զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր ստորագրեց:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի ուշ հայտարարել էր, որ 300 հազար մարդ կզորակոչվի ՌԴ տարբեր շրջաններից: Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։

armtimes.com

Back to top button