Նորություններ

Հրդեհ Վանաձորում. բժիշկները պայքարում են 21-ամյա երիտասարդի կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի տներից մեկում հրդեհ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արեն Բ-ին պատկանող տան հետնամասում գտնվող ինքնաշեն փայտյա սանհանգույցում։

Դեպքի վայրից տարբեր աստիճանի այրվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել 21-ամյա Արեն Բ-ն։

Հրշեջները մարել են կրակը, ապա վիրավորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ամբողջությամբ այրվել է սանհանգույցը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։

Վիրավորը Վանաձորում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորի մայրը Վանաձորում հայտնի բժշկուհի է, աշխատում է Վանաձորի հիվանդանոցում և նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ մանկահասակների։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button