Նորություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ  քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու դին մոտեցրել դիատարին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button