Նորություններ

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

3 անչափահասների մայր Անուշ Ապետյանը, չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։
3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։
Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։ Ժակը մեզ հետ չի շփվում. խաղով է տարված, բայց տան անդամներն ասում են, որ երեխայի խոսակցության թեման միայն մայրն է` ինչեր էր գնում իր համար, ինչ լավ տեղեր տանում և դեռ տանելու… Իսկ ահա Սեդան, որը ցավից ասես 10 տարով մեծացած ու հասունացած լինի, եղբորն է նայում հոգատարությամբ, սրբում արցունքները, և ներս ենք գնում զրուցելու։
Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան։
«Մի օր Անուշը տուն եկավ ու ասաց` պա՛պ, ուզում եմ զինվորական դառնալ։ Բնականաբար, անհանգստացա, բայց ասացի` հասուն մարդ ես, ես ի՞նչ պիտի անեմ։ Անուշը պատասխանեց, որ լավ է մտածել և հետ չի կանգնելու իր որոշումից։ Դրանից հետո, երբ առաջին անգամ տեսա նրան զինվորական համազգեստով, հասկացա, որ անհանգստությունը տեղի է տալիս հպարտությանը»,–պատմում է Անուշի հայրը` Աշոտ Ապետյանը։
Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։
«Անուշը գործը կա՛մ չէր անում, կա՛մ էլ անելուց լավ էր անում։ Դպրոցն էլ գերազանցությամբ էր ավարտել ու իրավաբանական ընդունվել։ Սակայն հետո ամուսնացել ու կիսատ էր թողել կրթությունը, որին այնքան մեծ տեղ էր տալիս կյանքում. չէր ուզում երեխաների խնամքի հաշվին կրթություն ստանալ։ Այս տարի աղջիկս ԵՊՀ–ի Գորիսի մասնաճյուղ էր գործերը տվել, որոշել էր ավարտել, բայց իր երազանքներին ո՞վ նայեց»,–ասում է Անուշի հայրը և, հուզմունքը չզսպելով, նստած տեղից ոտքի է կանգնում ու սկսում ծխել։
Անուշի մասին շարունակում է պատմել աղջիկը` Սեդան, որը բերում է մոր լուսանկարները և ցույց տալիս մեզ։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ մի հուշ է կապված` Անուշն ամենաշատը հենց աղջկա հետ է «կիսվել», բոլոր գաղտնիքները նրան վստահել։
«Մենք ընկերուհիների պես էինք, և մաման սովորեցնում էր ինձ ճիշտ ապրել։ Ինձ միշտ ասում էր` զինվորական է դառնալու, բայց լուրջ չէի վերաբերվում։ Սակայն հետո հասկացա` մաման ինչ որոշում է, անում է. հենց էդպես էլ մի օր ընտանիքով Ջերմուկ տեղափոխվեցինք, քանի որ էնտեղ պիտի ծառայության անցներ։ Դժվարն ամենասկզբում էր, երբ մաման մեկ ամսով դիրք էր գնում. մեծը ես էի, և 2 եղբայրներիս համար ես էի պատասխանատու (Անուշի ամուսինը բանտարկված է)։ Չնայած ամենաշատը կարոտն էր տանջում բոլորիս, ու մամայի բացակայության 1 ամիսը մեկ դար էր թվում։ Երբ տուն էր գալիս, իրար հերթ չտալով կողքից չէինք հեռանում»,– ասում է Սեդան։
Նա հիշում է` զինվորական դառնալուց հետո մոր բնավորությունը փոխվել էր, ավելի խիստ էր դարձել։ Անուշը զինվորականի գործն այնքան էր սիրել, որ Ջերմուկում 50-հոգանոց խումբ էր հավաքել և ուզում էր ռազմական նախապատրաստություն սովորեցնել։
Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։ Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ… Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։

Back to top button