Նորություններ

«Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ. 1918-20թ.թ.-ի սահմաններով Ադրբեջանը պիտի մոռանա այն տարածքները, որոնք Խորհրդային Միությունը տվել է իրեն»

Քարտեզագրող Ռուբեն Գալչյանի խոսքով՝ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ 1918-20թ.թ.-ի սահմաններով Ադրբեջանը պիտի մոռանա անկլավները, պիտի մոռանա այն տարածքները, որոնք Խորհրդային Միությունը տվել է իրեն:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարած 29.800 քկմ-ը Խորհրդային Հայաստանի քարտեզն է, բայց պետք է նշել, որ երբ 1926թ.-ին հրապարակվեց  Խորհրդային Հայաստանի քարտեզը, 31.000 քկմ էր: Դրանից հետո Հայաստանից տարածք տրվեց Ադրբեջանին Հայաստանի սահմանի վրա «Կարմիր Քրդստան» ստեղծելու համար (նաեւ որոշ հատվածներ Սյունիքի մարզում), իսկ 1932թ.-ին «Քրդստանը» չեղարկվեց, բայց այն տարածքները, որ հատուկ վերցված էին «Կարմիր Քրդստանի» համար, մեզ չվերադարձվեցին: Սա իրավաբանական խնդիր է, որը ապագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո պիտի լուծվի:

Այստեղ մի ուշագրավ հանգամանք էլ կա, որ մենք սահմանազատում և սահմանագծում պետք է իրականացնենք այն ժամանակ, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան Հայաստանի սահմաններից և կանգնեն իրենց սահմանի վրա: Մինչև չհեռանան, մենք իրավունք չունենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնել, այսինքն՝ եթե մենք այդ աշխատանքները սկսում ենք այն պայմաններում, երբ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք, դա նշանակում է, որ որտեղ հիմա կանգնած են, այդ սահմանը տալիս ենք իրենց: Այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները առաջ են եկել, դրանք հայկական տարածքներ են, և գոյություն ունեն քարտեզներ, որոնցով հնարավոր է ապացուցել, որ այդ տարածքները Հայաստանինն են: Այդ քարտեզները ժամանակին վավերացվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից, վերջին անգամ 1970 թ.-ին է վավերացվել: Այդ քարտեզները ցույց են տալիս այն սահմանը, որն այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ գոյություն չունի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ 1918-20թ.թ.-ի սահմաններով Ադրբեջանը պիտի մոռանա անկլավները, պիտի մոռանա այն տարածքները, որոնք Խորհրդային Միությունը տվել է իրեն:

«Այդ սահմաններով նույնիսկ Նախիջևանը պիտի վերադարձնեն մեզ, որովհետև Նախիջևանն այդ ժամանակ իրենցը չէր:

Սահմանազատման և սահմանագծման համար սկզբնակետը պիտի լինի 29.800 քկմ տարածքը, որը խորհրդային ժամանակվա գծված սահմանն է: Այն երկրները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան, պահպանեցին սահմանները այնպես, ինչպես ժամանակին գծել էր Խորհրդային Միությունը: Շատ քիչ երկրներ են իրականացրել սահմանազատում, մենք 30 տարի Վրաստանի հետ սահմանազատում ենք անում, որը սկսվել է, բայց չի վերջացել: Միջազգային իրավաբանները պետք է նստեն մանրամասն քննարկեն, սա տարիների  խնդիր է, բայց պետք է նրանք վերադառնան այն սահմաններին, որտեղ կանգնած էին, որը նշված է նաև 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- նշեց քարտեզագրողը:

Ռուբեն Գալչյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարեց.

«Մենք սրա տակ պիտի հասկանանք այն սահմանը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն՝ այդ գծից էն կողմ մեզ համար Ադրբեջան է, նրանց համար Հայաստան, որը ժամանակին գծել է Խորհրդային Միությունը:

Արցախի հակամարտության հարցը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը առանձին հարցեր են, պետք չէ խառնել իրար, բայց պետք է ձեռքներս ծալած չնստենք, պիտի աջակցենք Արցախի ժողովրդին»,- հայտարարեց քարտեզագրող Ռուբեն Գալչյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button