Նորություններ

«Գործնականում Իրանը գնդակը թողնում է մեր դաշտում, որպեսզի մենք ինքներս որոշենք՝ ինչ ենք ուզում և մինչև որ մակարդակում ենք պատրաստ պայքարել»

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ եթե Իրանի կողմից հնչում են հայտարարություններ, սակայն Հայաստանի կողմից դրանք կապիտալիզացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, մենք, ցավոք սրտի, ունենալու ենք հերթական կորսված հնարավորությունը և հերթական բաց թողնված դաշնակցին:

«Իրանի հայտարարությունները Հայաստանի ազգային անվտանգության շահերից են բխում, ստեղծված իրավիճակում մեզ համար իրականում փրկության ձեռք է, որը մեկնվել է, սակայն դա պետք է կարողանալ դեռևս կապիտալիզացնել: Իրանի ԳՇ պետի հայտարարությունն՝ ի լրումն քաղաքական իշխանության հայտարարությունների, մեզ համար կենսական կարևորություն ունի, սակայն պայմանով, որ մենք կկարողանանք դրանք կապիտալիզացնել։

Եթե ՀՀ իշխանությունները դա չանեն, ապա որոշ ժամանակ հետո բողոքելու ենք, թե Իրանն ասաց, բայց մեզ չօգնեց։ Եթե Իրանի կողմից հնչում են հայտարարություններ, սակայն Հայաստանի կողմից դրանք կապիտալիզացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, մենք, ցավոք սրտի, ունենալու ենք հերթական կորսված հնարավորությունը և հերթական բաց թողնված դաշնակցին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Իրանն ունի ռազմավարական շահեր մեր տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ ներկա սահմանի ամբողջական պահպանումը բխում է Իրանի ռազմավարական շահերից:

Արա Պողոսյան

«Սակայն Հայաստանի կողմից վարվող ներկայիս քաղաքականությունը կարող է նաև ռետրոակտիվ էֆեկտ ունենալ Իրանի հետ հարաբերություններում: Իրանի կողմից նախորդիվ հնչել էին մտքեր, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը գնա ինչ-որ պայմանավորվածությունների, ապա Իրանը մեծ հաշվով շատ բան չի կարող անել, իսկ դա նշանակում է, որ գործնականում Իրանը գնդակը թողնում է մեր դաշտում, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ինչ ենք ուզում և մինչև որ մակարդակում ենք պատրաստ պայքարել: Իրանի հայտարարությունները մեր կողմից պիտի կապիտալիզացվեն՝ մի կողմից դառնան ռազմաստրատեգիական համաձայնության պայմանագրեր և միս ու արյուն ստանան, իսկ մյուս կողմից՝ դառնան քաղաքական և տնտեսական պայմանագրեր և դարձյալ միս ու արյուն ստանան:

Եթե մենք այդ հայտարարությունների հիման վրա մտածում ենք, որ ապահովագրվել ենք, ցավոք սրտի, այդպես չի լինելու, որովհետև վճռորոշ պահին Իրանը կարող է հետապնդել իր շահերը, որովհետև միջազգային հարաբերությունները իրար տալու-ստանալու հարաբերություններ են: Այսինքն՝ Իրանը կարող է նաև տեսականորեն այլ կողմերից ստանալ որոշակի երաշխիքներ, որոշակի դիվիդենտներ, որոնց դիմաց ստիպված կլինի էստեղ ինչ-որ բան զիջել: Իրանում վերջին շրջանում բավականին ակտիվացել են պրոթուրքական ուժերը, որոնք պարբերաբար խոսում են նախկինում ունեցած անկախության մասին, թուրքական աշխարհի հետ միավորվելու մասին, ինչը թուրքական աշխարհի կողմից ևս լծակ է, որով կարող է ազդել Իրանի ներկայիս դիրքորոշման վրա:

Հետևաբար եթե մեր կողմից կապիտալիզացման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, գուցե և Իրանը ստիպված լինի ինչ-ինչ պահի, ինչ-ինչ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում գնա նաև զիջումների հենց այդ մակարդակում, ինչը մեզ համար պարզապես կդառնա աղետ:

Այսօր աշխարհը բավականին փոխշաղկապված է, և աշխարհի մի ծայրում տեղի ունեցող իրադարձությունները տեսականորեն մեզ թվում է, որ աղերս չեն ունենալու մեր տարածաշրջանի վրա, բայց իրադարձությունները և ժամանակագրական կապը ցույց են տալիս, որ դրանք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա:

Գերտերությունների հարաբերությունները ուղղակի ազդեցություն են ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա: Այն, որ այս պահին ինչ-ինչ հարցերում գերտերությունների միջև չկա վերջնական համաձայնություն, բխում է մեր շահերից, բայց դա մեզ համար կարճաժամկետ հեռանկար է, որովհետև երկարաժամկետ հեռանկարում կարող են փոխվել այդ շահերը, այդ շահերի հարաբերակցությունը, և չկա երաշխիք, որ դրանք կարող են փոխվել մեր օգտին:

Հետևաբար մենք այսօր պետք է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական մակարդակներում պատրաստ լինենք դիմագրավելու ցանկացած մարտահրավերի»,- հայտարարեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button