ՆորություններՔո ձայնը

«Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից»

«Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:

Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ անգամ, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը և ձախողելով «բարեփոխումները»: Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին:

Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում:

Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության և մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր»,-գրել է Թաթոյանը:

Back to top button