«Ընդունում ենք զինծառայողների ծնողներին, ովքեր հիմնվելով համացանցում պտտվող տեսանյութերի վրա, կասկածներ ունեն իրենց որդիների գերեվարման վերաբերյալ»

«Մենք Բաքվի իշխանություններից ստացել ենք տեղեկատվություն՝ հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին, բայց այդ, գործընթացի շուրջ որևէ այլ զարգացում այս պահին չկա: Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը երկու կողմերի իշխանությունների հետ: Մենք պատրաստակամ ենք երկխոսության միջոցով հանդես գալ որպես չեզոք միջնորդ, աջակցել մարդկանց, մարդասիրական օգնություն ցույց տալ:
Այս և այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ գերիների թիվը տասնյակը գերազանցում է։ Տեսանյութերն ուսումնասիրվում են, և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր խաչը ևս տեղեկատվություն է հավաքագրում՝ հարազատների դիմումի հիման վրա։
Զառա Ամատունու փոխանցմամբ՝ իրենք ընդունում են զինծառայողների ծնողներին, ովքեր հիմնվելով որոշակի տեսանյութերի վրա, որոնք պտտվում են համացանցում, կասկածներ ունեն իրենց որդիների գերեվարման վերաբերյալ:
«Մարդիկ գալիս են տվյալներ են ներկայացնում, փորձում ենք այդ տվյալներն ամբողջացնել և փորձում հաստատել որոնվող անձի վերաբերյալ ինֆորմացիան:
Չեմ կարող որևէ վիճակագրական տվյալ ներկայացնել, հատկապես, երբ չկա դեպքերի վերաբերյալ հաստատում»,- հայտարարեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավարը: