Նորություններ

Տոկաեւը ՀԱՊԿ նիստում Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կողմերին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից եւ բանակցություններ սկսել, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նրա տվյալներով՝ Տոկաեւը երեքշաբթի մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Տեսակոնֆերանսի ձեւաչափով միջոցառումն անցկացվել է Հայաստանի առաջարկով։ Գագաթաժողովին մասնակցել են նաեւ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Լսվել է ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին Փաշինյանի տեղեկատվությունը։

«Հանդես գալով նիստի մասնակիցների առջեւ՝ Ղազախստանի նախագահն ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով լուծելու անհրաժեշտությունը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կոչ է արել բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու եւ անհապաղ բանակցություններ սկսելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Back to top button