«Բնակչության մի մասին հաջողվել է իջնել Վայք, մյուսները դեռ Ջերմուկում են մնացել». Վայքի բնակիչ

«Հիմա ամենավտանգված գոտին Ջերմուկն է, բնակչության մի մասին հաջողվել է իջնել Վայք, մյուսները դեռ Ջերմուկում են մնացել, բայց հորդորում են երեխաներին ու տարեցներին հեռացնել Ջերմուկից: Ներկա պահին մոտ մեկ ժամ է քաղաքում և հարակից շրջաններում հրետակոծությունը դադարեցված է, բնակիչներից շատերը հնարավորություն են ունեցել վերադառնալ և վերցնել իրենց առաջին անհրաժեշտության որոշակի իրեր:
Օրվա ընթացքում ԱԹՍ-ից հարվածներ են հասցվել Ջերմուկի կամրջին, բարեբախտաբար մեծ վնաս չի հասցվել, հրետակոծության տակ է հայտնվել նաև քաղաքը, Կեչուտ գյուղի գազալցակայանի մոտ մեքենա է պայթեցվել։ Եղեգնաձորի մարզի մնացած սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, բայց ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել, և հստակ չենք կարող ասել, թե որ պահին հաջորդ հարվածը որտեղ կլինի: Երեկ գիշերվանից Վայքի բժշկական կենտրոն տեղափոխվել են բազմաթիվ վիրավորներ, տարածաշրջանում փոքր-ինչ հագեցած կարևոր և առաջին բուժօգնության համար Վայքի ԲԿ-ն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Վայքի բնակիչ Ա. Հ-ն, ով չցանկացավ ներկայանալ:
Ա.Հ.-ի փոխանցմամբ՝ խուճապը բնակչության շրջանում, կոնկրետ Վայքում բավականին մեծ է:
Անդրադառնալով բնակիչների տարհանմանը և ապաստանների վիճակին՝ Վայքի բնակիչն ասում է.
«Ներկա պահին ապաստարանները ոչ լիարժեք վիճակում են գտնվում, երկարաժամկետ օգտագործման համար ոչ այդքան հարմար։
«Բայց բնակիչները տեղեկացված են, թե որ ընտանիքը որ ապաստարանում պետք է պատսպարվի։ Ամենամեծ խնդիրը ապաստարանների քչությունն է, ոչ բոլոր շենքերը ունեն ապաստարան, և մի շենքի ապաստարանին բաժին է ընկնում իր թվից ավելի շատ մարդ։ Դա էլ շենքերի նախկին ձևերի արդյունքն է»: