Նորություններ

Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ անել

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում:

Պարզապես, ինչպես 2020-ի պատերազմի ավարտից հետո անընդատ ասել ենք՝ պատերազմը Հայաստանի դեմ չի ավարտվել, պատերազմը շարունակվում է: Հուսանք սա արդեն ոչ մեկին ապացուցելու կարիք չկա: Թեև հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ շատերը մեր այս պդնումը համարում էին չափազանցություն և …..պատերազմի քարոզ:

Շատ ենք խոսել նաև նրա մասին, թե ինչու է պատերազմը շարունակվում:

Այստեղ էլ գաղտնիք չկա՝ պատերազմը շարունակվում է, քանի որ պատերազմը հրահրող կողմերը (ռուս-թուրքական դաշինքը) չի հասել այն բոլոր նպատակներին, որոնց պետք է հասներ ըստ նախնական ծրագրի դեռևս 2020-ի աշնանը: Այդ նպատակների մեջ են, թե այնպիսիք, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի թղթի մեջ, թե՛ այնպիսիք, որոնք դրա մեջ պետք է ամրագրվեին, բայց այլևայլ պատճառներով (հիմնականում պատերազմը, որն առանց այդ էլ ծրագրավորվաից երկար էր տևել՝ արագ ավարտելու ցանկության պատճառով) չեն ամրագրվել: Դրանց մեջ են՝ Լաչինի միջանցքի վերացումը, Սյունիքի «միջանցքը», Արցախի ՊԲ վերացումը, սահմանազատումը, անկլավների հարցը և այլն: Եվ այլնի մեջ կարող է մտնել գրեթե ամեն ինչ, ինչ հարմար ու հնարավոր կգտնի Ադրբեջանն՝ իր երկու մեծ դաշնակիցների աջակցությամբ: Օրինակ, Հայաստանի զինված ուժերի սահմանափակումը՝ հայկական բանակի զուտ «պրոֆեսիոնալի» վերածումը և այլն:

Այժմ ուժային ճնշմամբ, ռազմական հարվածների միջոցով կետ առ կետ փորձում են իրականացնել այդ պահանջները: 2021-ի գարնանն այս կերպով հասան սահմանազատման թեմայի ամրագրմանը, որը չկար նոյեմբերի 9-ի թղթում, և դրա դիմաց թողեցին, որ Հայաստանում ընտրությունները համեմատաբար հանգիստ պայմաններում անցկացվեն: 2022-ի ամռանը նույն կերպ՝ արագ ռազմական գործողությամբ հասան Լաչինի միջանցքի խնդրի շուտափույթ «լուծմանը»: Հիմա նույն մեթոդը շարունակվում է: Այստեղ անհասկանալի բան չկա: Իսկ ինչո՞ւ չշարունակվի, եթե աշխատող տարբերակ է:

Անհասկանալին այստեղ Ադրբեջանի գործողությունները չեն, այլ Հայաստանի քաղաքականությունը:

Զուտ տեսականորեն կա քաղաքականության երկու, ընդամենը երկու տարբերակ:

Առաջին տարբերակը՝ ընդունել, որ անկարող ենք դիմակայել եղած պահանջներին, համաձայնել ամենին և զիջել՝ փրկելով այն ինչ հնարավոր է փրկել այդ իրավիճակում: Սա շատ վատ տարբերակ է, և միանգամից ասենք, որ որևէ իրական երաշխքի չտվող: Այս տարբերակով գնալու դեպքում հաջորդ անխուսափելի հարցը Հայաստանի անկախ կարգավիճակի հարցն է ընդհանրապես: Եվ լավագույն հեռանկարը՝ գոյատևել որպես իբր պետություն, որի անվտանգության միակ երաշխիքը երկու տեսակի թուրքերի և ռուսների «բարյացկամությունն է», «խելոք մնալն է» և մի քիչ էլ «միջազգային հանրության»՝ Արևմուտքի բարեգութությունը՝ «մինչև քոքը մի կտրեք այդ խեղճ ազգին, թող որպես թանգարան գոնե մնան»:

Այս տարբերակով գնալը նշանակում է հրաժարվել որևէ սուբյեկտությունից, իրական անկախ և քաղաքական խնդիրներ դնող ազգ լինելու որևէ կարգավիճակից, փոխարենը ստանալով գոյատևման թույլ երաշխիքներ: Սա նշանակում է նաև ապագայի համար որպես մոդել ամրապնդել, որ ցանկացած լուրջ ճգնաժամ լուծելի է միայն անհապաղ հանձնմամբ: Կպահանջեն վաղը Սյունի՞քը: Ուրեմն, հարցը պետք է «լուծել»՝ «փոխզիջումներով», այսինքն՝ միակողմանի հայկական զիջումներով: Սա, կրկնեմ, վատ, շատ վատ տարբերակ է, բայց ….գոնե զուտ տեսականորեն տրամաբանական ի տարբերություն նրա ինչ այսօր կատարվում է:

Երկրորդ տարբերակը՝ հասկանալով, որ անհնար է անվերջ միակողմանի զիջումներով ապագա կառուցել և անկախություն պահպանել, հասկանալով, ո նույնիսկ ամենաարմատական զիջումները չեն երաշխավորում տևական խաղաղություն, անվնտանգություն և անկախություն, ընտրել պայքարի ճանապարհը:

Բայց այստեղ կարևոր պայման կա:

Պայքարի ճանապարհը չի կարող միայն խոսքերով լինել:

Եթե պատրաստվում ենք մերժել մեր դեմ առաջ քաշվող պայմանների գոնե մի մասը, նույնիսկ, եթե միայն մեկը, ապա դա պետք է պարտադիր ուժային ապահովում ունենա: Այսինքն՝ մերժելու դեպքում, պետք է պատրաստ լինենք զինված ճանապարհով պաշտպանել մեր մերժումը: Դա նշանակում է, որ պատերազմից հետո անցած երկու տարին պետք է նվիրված լինեինք պաշտպանության ոլորտի արագ և արմատական բարեփոխմանը:

Դրա նվազագույն նպատակը պետք է լիներ՝ մեկ-երկու տարում ունենալ գոնե մեկ-երկու որակապես նոր մարտունակ միավորում, որոնք ի զորու կլինեին տեղական մարտերում արժանի հակահարված տալ, և ստիպել թշնամուն խոսել մեզ հետ ոչ միայն ուժի լեզվով, հաշվի առնել մեր պայմանների գոնե մի մասը: Սրա շուրջ պետք է կենտրոնացած լիներ պետության և հանրության ջանքը: Մանացած ամենը պետք է արվեր սրա հետ կապված ու զուգահեռ:

Այս տարբերակը միակ տարբերակն է, որ հայ ժողովորդին շանս է տալիս ապագա ունենալու, անկախություն ձեռք բերելու ու ամրապնդելու, նաև դաշնակիցներ ունենալու, ու նույնիսկ՝ թշնամիների հետ բանակցելու: Առանց սրա որևէ դիվանագիտություն խաբկանք է՝ թե դաշնակիցեր ձեռք բերելու, թե թեշնամիների հետ ինչ որ գոնե ժամանակավոր լուծման գալու:

Ավելին՝ եթե չենք գործարկում այս տարերակը, մենք չունենք պետություն: Պետությունը սոսկ անուն չէ: Պետությունն այն համակարգն է, որ կարող է պաշտպանել ինքն իրեն: Պետությունն այն համակարգն է, որ իր դիրքորոշումն անհրաժեշտության դեպքում պատրաստ է և կարող է ուժով պաշտպանել: Չկա դա, չկա պետություն, կա վանիլային պաղպաղակ, որը, եթե ինչ որ մեկին հարմար է կարող է նաև պետություն անվանել:

Ի՞նչ է արվել սրա փոխարեն:

Ընտրվել է «երրորդ»՝ առավել անտրամաբանական տարբերակը:

Մենք փաստացի զինուժ չենք վերակառուցում, բայց փոխարենը մերժում ենք Ադրբեջանի շուրթերով հնչեցվող առաջարկները: Մերժում ենք, բայց մեր մերժումը պաշտպանելու ուժ չունենք, և ամեն մերժումից հետո ստանում ենք ուժային հարված, որից հետո արդեն նոր զիջում ենք: Սա ամենա խայտառակ, ամենա նվաստացուցիր, ամենավատ տարբերակն է:

Ազգը լրիվ չուլ սարքելու և տասնամյակների հեռանկարով արժանապտվության նշույլներից անգամ զրկելու տարբերակը:

Թող չասի ոչ ոք, թե բանակի բարեփոխումներ են ընթանում, կարծես, մենք ժամանակ ունենք ինչ որ դանդաղ ու մտածկոտ բարեփոխումների, ու կարծես առանց հիմանական խնդրի՝ սովետակա-ռուսական բանակի մոդելից հրաժարվելու իմաստ ունի որևէ բարեփոխում:

Վերջապես բարեփոխումը պետք է արդյունք տա, ընդ որում հենց հիմա: Ասել ենք արդեն ինչ նկատի ունենք՝ նվազագույն պայմանն է՝ տեղական, ոչ լայնամասշտաբ բախման մեջ պետք է ի զորու լինենք ուժային հակահարված տալ, ուժով ուժին պատասխանել: Հենց դա լինի, կասենք, որ ինչ որ բան արվել է:

Մենք շարունակում ենք «կղերական դիվանագիտություն» խաղալ, որովհետև ցանկացած դիվանագիտություն թղթե շերեփ է, եթե քո իրավունքներդ, պահանջներդ, պայմաններդ ի զորու չես հարկ եղած դեպքում ուժով պաշտպանել ու ապացուցել:

Ավելին՝ նույնիսկ այսքանից հետո մեր քաղաքական ղեկավարությունը չի հասկանում այս պատերազմի բնույթը`այն, որ պատերազմը հայ-ադրբեջանական չէ, և պատերազմի լիարժեք կողմ են նաև այլ պետությունները: Լիարժեք, ոչ թե օժանդակ: Թեև քաղաքական գործչի համար աններելի էր, բայց ինչ որ տեղ կարելի էր պատկերացնել այս չհասկանալը 2020-ին, բայց այսօ՞ր: Իսկ եթե սխալվում ենք, ու իրականում քաղաքաան ղեկավարությունը հասկանում է այսքանը, ապա ինչպե՞ս մինչև հիմա հավատում, թե այս կամ այն հարցում Մոսկվան աջակցում է հայկական, այլ ոչ թե ադրբեջանական դիրքորոշումը: Մոսկվան իր նպատակներին հասնելու համար Հայաստանի նկատմամբ միշտ էլ որպես լավագույն գործիք ունեցել է ադրբեջանական կամ թուրքական բանակները, և կարիք չունի ուղիղ անհամաձայնություն հայտնել հայերի դիրքերին կամ էլ անմիջապես ներգրավվել ուժային ճնշման մեջ:

Փաստացի շարունակվում է դեռ Հայաստանի անկախության սկզբից վարվող արատավոր քաղաքականությունը՝ անկախության դիմաց անվտանգության երաշխիքներ Ռուսաստանից, որոնք, սակայն, անհարեժշտ պահին երբեք չեն գործում: 90-ականներից ձևավորված այս արատավոր փիլիսոփայությունից մինչև վերջնականապես դուրս չգանք, չունենք ելք:

Բայց հարցը միայն Ռուսասատնը չէ:

Ով էլ ուզենա մեզ դրսից հիմա օգտակար լինել, մի պայման է անհրաժեշտ՝ որ մենք ի զորու լինենք սեփական ուժերով դիմադրություն ցուցաբերել: Միայն այդ դեպքում կունենանք իրական դիվանագիտական հնարավորություններ:

Մանրամասներն՝ այստեղ:

Back to top button