Նորություններ

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցին՝ ինչ է տեղի ունենում եւ ինչու

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, հայտարարեց, որ Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանի ԶՈՒ դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի ԶՈՒ-երի գործողությունների, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ն:

«Ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է տեղի ունենում. նախ, սա կախված է Արցախի բանակցային գործընթացի հետ: 2022թ. մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություններ և առաջարկել այդ հիմքի վրա կնքել խաղաղության պայմանագիր:

Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և ստորագրել խաղաղության պայմանագիր համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում:

Իհարկե սկզբում թվում էր, որ թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս և մասնավորապես բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա, այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր, դրանցից մեկը 2021թ.-ի հունվարի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր: Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին: Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվել է, կամ արտահայտում է բանակցությունների ժամանակ, հետևյալն է, որ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Արցախի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Արցախի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի հետ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մենք ասել ենք ու ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզղ համար ընդունելի է: Այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք է առաջանում: Օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Այսինքն օրինակ, Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաեւ այն տարածքները, որոնք կամ 2021-ի մայսիի 12-ի իրադարձությունների արդյունքում, կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Այս հարցը համենայնդեպս, մեր տպավորություններով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում: Բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է ՀՀ-ն ԼՂ-ն ճանարչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, խոսակցության եւ քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում Ադրբեջանը նշում է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:

«Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձեւակերպմամբ, իբր ապօրինի ձեւով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ: Այդ տարածքների անունները իրենք հրապարակային ելույթներում նշում են, չնայած, մեծ հաշվով, պիտի արձանագրենք, որ երբ նման բովանդակությամբ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Սյունիքի մարզով եւ ավարտում են ՀՀ մայրաքաղաք Երեւանով: Ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ ու հայտարարություններ, կարելի էր դրանց նույնիսկ չանդրադառնալ: Բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետեւողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»:

Back to top button