Նորություններ

«Թշնամին հաճախ է դիմում նման սադրանքների». իրավիճակը Կարմիր շուկայում

«Ես երեկ գյուղում չեմ եղել, բայց զանգեցի եւ իմացա, որ լուսադեմին կրակոցներ են եղել, իմ ունեցած տեղեկություններով տուժածներ, վիրավորներ չկան: Ինձ ասացին, որ ադրբեջանցիների կրակոցների հետեւանքով երկու բնակելի տուն է վնասվել, բայց ես անձամբ չեմ տեսել՝ ինչ է եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի միջնակարգ  դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանը:

Էդիկ Բադասյանի խոսքերով՝ կրակոցները Կարմիր շուկայում սովորական բան են դարձել նոյեմբերի 9-ից հետո, արդեն սովորել են ապրել թշնամու կրակոցների տակ:

«Թշնամին հաճախ է դիմում նման սադրանքների, դա մեզ չի զարմացնում, աշխատում ենք խուճապի չմատնվել, ի՞նչ անենք, հիմա սա է իրավիճակը:

Վերջին անգամ կրակոցներ հուլիս ամսին էին եղել, ժամանակ առ ժամանակ ակտիվանում, հետո մի ժամանակ իրենց հանգիստ են պահում»,- ասաց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի միջնակարգ  դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

Back to top button