«Մինչեւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի առջեւ չբացի իր բանավոր պայմանավորվածությունների ողջ ցանկը՝ մենք ամեն օր սպասելու ենք վատ լուրերի». Ա.Մոսիյան
«Մենք միշտ խոսում ենք երկու տարբեր բաների մասին`Արցախի ժողովրդի, որը ոչ մի տեսական հնարավորություն չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում լինելու համար, իսկ մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի եւ թրքահաճո խմբակի, ովքեր դիտարկում են Արցախն Ադրբեջանի կազմում եւ հնարավոր են համարում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել: Արցախահայությունը, առհասարակ ցանկացած հայ մարդ շատ լավ է գիտակցում խաղաղության գինը, մենք շատ ենք պատերազմներ տեսել, և մեզնից լավ ոչ ոք չի կարող հասկանալ այդ խաղաղության գինը, բայց ինչ առաջարկում է Փաշինյանի վարչախումբը, դա խաղաղություն չէ, այդպես չի լինում խաղաղությունը, և մենք ապրիլից Արցախի ԱԺ խմբակցություններով համատեղ հայտարարությամբ ներկայացրել ենք մեր պահանջը հայաստանյան գործող իշխանություններին եւ կոչ արել, որպեսզի հրաժարվեն իրենց կործանարար օրակարգից, որովհետեւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» աղետ է բերելու Արցախի եւ Հայաստանի գլխին: Մենք պնդել էինք, որ ցանկացած պայմանագրի հիմքում պետք է ամրագրվի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ նրանք Արցախը դուրս են թողնում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
Ըստ նրա՝ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ դա թույլ չտալու համար իրենք պայքարելու են մինչեւ վերջ:

«Արցախում մարդիկ շատ վատ են ընկալում Նիկոլ Փաշինյանի ցանկացած այց, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ նրա այդ հանդիպումներն Արցախի եւ Հայաստանի համար հղի են վտանգներով: Սա պարզապես մտահոգություն չէ, այլ իրական վտանգ:
Ամեն հանդիպումից հետո մենք կորուստներ ենք ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «խաղաղության» կեղծ օրակարգը մեջտեղ բերելով՝ ժողովրդին շեղել իրական խնդիրներից եւ իրական վտանգից:
Ես մի քանի առիթով ասել եմ, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի առջեւ չբացի իր բանավոր պայմանավորվածությունների ողջ ցանկը՝ մենք ամեն օր սպասելու ենք վատ լուրերի:
Խաղաղությունն ով պիտի հենց այնպես քեզ մատուցի, խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի. սա բացարձակ ճշմարտություն է: Ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում խաղաղություն ասելով, բայց իրենց ու մեր պատկերացրած խաղաղությունները տարբեր են»,- ընդգծեց Արթուր Մոսիյանը:
Արցախի ԱԺ պատգամավորը, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, որ խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է, հայտարարեց.
«Ես կասեմ հետեւյալը, որ «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը փաշինյանական վարչախմբի հեռացումն է, դրանից հետո նոր կխոսենք: Այդ ոնց եղավ, որ 30 տարի պատերազմ չկար, հենց Նիկոլը եկավ, իր հետ պատերազմ բերեց. նրանց անգամ մեկ օր իշխանության մնալը նոր աղետ է բերելու Հայաստանին եւ Արցախին:
«Խաղաղության պայմանագրում» չկա այն կետը, որը պիտի վերաբերվեր Արցախի կարգավիճակին. Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած 5 նախապայմաններին, որոնց հիմքում պետք է կնքվի այդ պայմանագիրը»,-հայտարարեց Արթուր Մոսիյանը:
Անահիտ Չալիկյան