Նորություններ

«Նրանք եկան՝ խոստանալով լինել բաց և թափանցիկ, բայց շարունակ գնում են գաղտնի պայմանավորվածությունների»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանը ունի դեռևս մանևրելու տեղ տարբեր հարցերում, ուղղակի մեզ մոտ իշխող ուժը չի ուզում առերեսվել իրականության հետ:

«Իմ դիտարկմամբ, դրական կարող ենք գնահատել գերիների ազատ արձակման և հռետորաբանության վերաբերյալ շեշտադրումները, թեև հստակ չի ասվում, որ խոսքն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարությունների մասին է: Բացասական է, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» գործընթացի արագացման մասին արձանագրումը: Չկա նաև որևէ խոսք Լեռնային Ղարաբաղի կամ խնդրի դիվանագիտական-քաղաքական կարգավորման մասին: Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք, թե ինչ ձևակերպումներ էին տեղ գտել այս տարվա մայիսին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, ապա դրանք բացառապես ադրբեջանական թեզեր էին, ուստի գերադասելի է դրանցից խուսափել: Հուսանք, որ գոնե այս հանդիպման արդյունքում Բաքվում որպես պատանդ պահվող մեր հայրենակիցներից ոմանք կկարողանան վերադառնալ հայրենիք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին:

Տաթևիկ Հայրապետյան

Հայրապետյանի խոսքով՝ հանդիպումների միջև կարող են լինել դետալային որոշ տարբերություններ, բայց ամենամեծ խնդիրը մնում է այն, որ այսօրվա գործող իշխանությունները չեն ներկայացնում ոչ մեր հանրությանը և ոչ էլ միջազգային գործընկերներին, թե ինչ բովանդակություն են դնում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի ներքո:

«Ադրբեջանն էլ է ասում, որ ձգտում է խաղաղության, բայց այնպիսի պայմաններ է ներկայացնում, որոնց իրականացումը հավասարազոր է հայկական պետականության ավարտին: Սա է ամենակարևոր հարցը. Հայաստանը ներկայացնող քաղաքական թիմը չունի ձևակերպված օրակարգ, իր առջև չի դնում խնդիրներ, չկա տեսլական Արցախի հարցում: ՔՊ-ն իր նախընտրական ծրագրից վաղուց  է հրաժարվել, որտեղ արձանագրված էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, անգամ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը կար: Այժմ այդ ամենից իրենք հրաժարվել են, բայց հայտարարում են, թե մանդատ ունեն խաղաղության հաստատման համար, սակայն հասկանալի չէ, թե ինչպիսի բովանդակություն ունի այդ խաղաղությունը: Սա է թիվ մեկ հարցը»,- ընդգծեց ԱԺ նախկին պատգամավորը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկվել են սահմանագծման-սահմանազատման առաջիկա աշխատանքները, բայց արցախահայության համար կարևորագույն՝ անվտանգության ու դրանից բխող կարգավիճակի հարցի մասին խոսք չկա:

«Այս պահի դրությամբ հիմնականում համանախագահող երկրներից Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են խոսում կարգավիճակի կամ խնդրի դիվանագիտական-քաղաքական կարգավորման կարևորության մասին: Բայց փաստն այն է, որ այսօր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովման ֆունկցիան իր վրա վերցրել է ՌԴ-ն: Ուստի էլի կվերադառնամ այն հարցին, որ մեծագույն խնդիրը մեզ մոտ տեսլականի բացակայությունն է: Մենք ենք դադարել խոսել ինքնորոշման իրավունքի և Արցախի՝ Ադրբեջանի կազմում որևէ կերպ  լինելու անհնարինության մասին: Մենք չենք խոսում, թե Ադրբեջանում պետական մակարդակով ինչպիսի հայատյաց հռետորաբանություն է տարվում, ընդ որում՝ դրա մասին արձանագրումներ արվում են հենց միջազգային զեկույցներում: Վերջերս հրապարակվեց Ռասայական խտրականության վերաբերյալ ՄԱԿ-ի Կոմիտեի զեկույցը, որտեղ նշված էր, որ հայի դեմ ատելություն քարոզում են հենց պաշտոնյաները: Այսինքն՝ խնդիրը Մոսկվայում կամ Բրյուսելում չէ, խնդիրը Երևանում է, նրանում, որ չկա տեսլական, չկա նպատակ ու աշխատանք՝ դրան հասնելուն միտված»:

Ադրբեջանագետը, անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտարարեց.

«Հայաստանը ունի դեռևս մանևրելու տեղ տարբեր հարցերում, ուղղակի մեզ մոտ իշխող ուժը չի ուզում առերեսվել իրականության հետ: Չեն ուզում տեսնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանը, առավոտից երեկո միայն դատարկ տեղում կկրկնեն, որ «խաղաղության դարաշրջան» են բացելու, բայց խաղաղություն բառը հաճախ կրկնելով՝ խաղաղություն չես կարող կառուցել: Դա այդպես չի աշխատում: Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը մարտունակ բանակն է: Հիմա իրենք օրինագիծ են շրջանառում, որ գումարի դիմաց մարդիկ խուսափեն ծառայությունից: Սա ոչ միայն սոցիալական անարդարությունը խորացնող օրենք է, այլև ուղղակի անթույլատրելի է մի պետության համար, որն ունի էքզիստենցիալ վտանգ:

Ինչ վերաբերում է Աղավնոյի և Բերձորի հանձնմանը, ակնհայտ էր, որ այդտեղ կային որոշակի գաղտնի պայմանավորվածություններ: Օրինակ՝ մի կողմից ԱԽ քարտուղարն ասում է, որ ճանապարհը փոխելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, հետո իրենցից ոչ ոք ձայն չի հանում, երբ մարդկանց հաշված օրերի ընթացքում տեղահանում են իրենց տներից: Մեր իշխանությունները մեզ միշտ փաստի առաջ են կանգնեցնում: Սա ևս լուրջ խնդիր է: Նրանք եկան՝ խոստանալով լինել բաց և թափանցիկ, բայց շարունակ գնում են գաղտնի պայմանավորվածությունների, դրա համար էլ հանրության վստահությունը իշխանությունների հանդեպ էականորեն նվազում է»,- նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button