ՆորություններՏնտեսական

«Կառավարությունը փորձում է որոշակի «ներարկումներ» անել, որպեսզի տնտեսության վիճակը կայունանա, բայց իրավիճակն էականորեն չի փոխվում»

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է որոշակի «ներարկումներ» կատարել, որպեսզի տնտեսության վիճակը կայունանա, բայց ինչպես տեսնում ենք, իրավիճակը էականորեն չի փոխվում, սոցիալական խնդիրը շարունակում է սրված մնալ:

«Չնայած հայտարարված երկնիշ տնտեսական աճին, չնայած աշխատատեղերի ավելացմանը (հունիս ամսին ունեցել ենք 681.050 աշխատատեղ, ինչը մոտ 8.000-ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37.000), բայց աղքատությունը շարունակում է նույն տեմպերի վրա մնալ, գնաճը ոչ միայն չի նվազում, այլև ավելի է սրվում, գործազրկության մակարդակն էականորեն չի փոխվում, շարունակվում է աշխատանքային միգրացիան: Հայաստանում ավելացել է նաև փախստականների թիվը՝ Արցախից ունենք մոտ 33.000-35.000 հազար փախստական, որոնք դեռ այստեղ են, ու նրանց համար գործող տարբեր սոցիալական ծրագրերով, աշխատանքի տեղավորման գործիքներով՝ պետությունը փորձում է օգնել ու նրանց ներգրավել որոշ աշխատանքներում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը փորձում է որոշակի «ներարկումներ» կատարել, որպեսզի տնտեսության վիճակը կայունանա, բայց ինչպես տեսնում ենք, իրավիճակը էականորեն չի փոխվում, սոցիալական խնդիրը շարունակում է սրված մնալ:

«Պետական գործիքակազմը դեռ այդքան արդյունավետ չէ, կրթական համակարգն էլ բավականին հետ է աշխատաշուկայից, մի շարք աշխատատեղեր չեն լրացվում. չկան համապատասխան մասնագետներ, մասնագիտություններում դեֆիցիտը շարունակում է գերակայել, աշխատուժն էլ անիմաստ թանկանում է, ու ընկերությունների եկամտաբերությունն էլ ցածրանում:

Բացի այդ, Հայաստանը կորցրել է նաև որակյալ աշխատուժի հնարավորությունները, որակյալ աշխատողը հիմնականում մեկնում է արտերկիր ու այնտեղ աշխատում, չի մնում հայրենիքում: Դրա համար պետք է կոնսոլիդացնեն ուժերը տնտեսական աճի, տնտեսական միջավայրի վրա, կրթության վրա»,- հայտարարեց տնտեսագետը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ 2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ 13,1%, և նշել, որ այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում։

Ըստ Մակարյանի՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի առաջ ընկնելը զարմանալի չէ, որովհետև պիտի նաև հաշվի առնենք, թե որ երկրներն են ԵԱՏՄ անդամ:

«ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը գտնվում է պատերազմի մեջ, ռուբլին արժեզրկվեց, չնայած, որ հիմա մի փոքր կայունացել է, միգրացիա տեղի ունեցավ, և ՌԴ-ից ՏՏ ոլորտի աշխատողներ եկան Հայաստան: Եվ այդպիսի բարդ իրավիճակում համեմատել Ռուսաստանի տնտեսական աճի հետ, իմաստ չկա:

ԵԱՏՄ մյուս երկրներից Բելառուսը գտնվում է սանկցիաների տակ, ունի տնտեսական լուրջ խնդիրներ, որովհետև իր տնտեսության վիճակը կախված է Ռուսաստանի տնտեսության վիճակից: Մյուս երկիրը Ղազախստանն է, որը իր տնտեսական ցուցանիշներով աչքի չի ընկել, տեքստիլ ունեն, մի փոքր էլ գյուղատնտեսական ոլորտն է զարգացած:

Հայաստանի տնտեսությունը կամաց-կամաց մոտենում է իր նախկին վիճակին, այսինքն՝ Հայաստանի տնտեսության վիճակը եթե հակիրճ նկարագրեմ, ապա գնում է դեպի առողջացում:

Այստեղ ուշագրավը նաև այն է, որ արհեստական գործոններ են առաջացել՝ ի նպաստ Հայաստանի: Տնտեսական աճը չպետք է վերագրել միայն ներքին տնտեսական պոտենցիալին, այլ պետք է նկատել, որ Հայաստանը հայտնվել է բարենպաստ միջավայրում: Ռուսաստանի տուրիստների մեծ մասը գալիս է Հայաստան, այսինքն՝ Եվրոպա չեն կարող գնալ, Թուրքիա առանձնապես չեն գնում, հետևաբար գալիս են Հայաստան: Ռուսաստանը ներկրումներ է անում Հայաստանից, բացի այդ, ՏՏ ոլորտի մասնագետներ են տեղափոխվել Հայաստան»,- ընդգծեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button