Նորություններ

Ապօրինի շինարարությունը ՔՊ ավագանու անդամը շարունակում է, մինչդեռ Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են՝ քանդման աշխատանքներ են իրականացվում

Այսօր, վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական Տիգրան Մեծ փողոցում, հենց մայթի վրա մեկնարկել են շինարարական աշխատանքներ: Եւ սա այն բանից հետո, երբ Գյումրիի քաղաքապետարանը այն քանդելու պահանջով դիմել է ոստիկանություն, քանի որ անձը չունի համապատասխան շինթույլտվություն:  

ԳԱԼԱ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրիի Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը՝  Երվանդ Խանամիրյանն իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ չունենալով համապատասխան շին.թույլտվություն:

«Ես դիմում եմ ներկայացրել քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար, մի քանի օր առաջ տունս գրավադրել եմ: Քաղաքապետարանից ասացին, որ դիմումին ընթացք կտրվի շահագրգիռ կառույցներից համաձայնություն ստանալուց հետո: Դիմումներ եմ տվել նաև «ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Վեոլիա ջուր» ընկերությանը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց ավագանու անդամը:

Նրա խոսքերով,  Տիգրան Մեծ փողոցի վրա ժամանակին տաղավար է ունեցել, բայց  երբ մեկնարկել են փողոցի ասֆալտապատման աշխատանքները, տաղավարը հեռացվել է տարածքից:

«Արդեն 5 տարի է քաղաքապետարանին վարձակալության գումար եմ վճարում, իսկ իրականում իմ բիզնեսը չի աշխատում: Քաղաքապետարանի քայլին չեմ ուզում արձագանքել, ամեն մարդ իր խղճի առաջ պիտի պատասխան տա»,- հայտարարեց Երվանդ Խանամիրյանը:

ՔՊ-ական ավագանին ասում է, որ զբոսաշրջային գործունեություն իրականացնող գրասենյակ է կառուցելու:

ԳԱԼԱ-ն պարզաբանում է ստացել նաև Գյումրու քաղաքապետարանից:
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց՝ ինքը չգիտի, թե ով է շինարարություն իրականացնողը՝ պատգամավոր է, թե ավագանի, որ խմբակցությունից է, բայց ով ուզում է լինի, ապօրինություն թույլ չի տրվելու:

«Մենք ստացանք ահազանգ, դադարեցվել են շինաշխատանքները, հիմա քանդման աշխատանքներ են իրականացվում: Հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որպեսզի ձեռնարկվեն  համապատասխան միջոցներ: Պարտավորեցրել ենք, որ քանդելուց հետո ասֆալտը վերականգնի:
Ես այս պահի դրությամբ հստակ թիվ չեմ կարող ներկայացնել, թե քանի դիմում է Գյումրու քաղաքապետարանը ներկայացրել ոստիկանություն ապօրինի շինարարությունների վերաբերյալ, բայց մոտավոր կարող եմ ասել, որ դրանք մեկ տասնյակից մի փոքր քիչ են»,- փոխանցեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button