Նորություններ

«Ես, լսելով այսօրվա իշխանություններին, տեսնում եմ, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից». Ս.Օհանյան

«44-օրյա պատերազմից հետո և՛ Հայաստանում, և՛ Արցախում պետք է անցկացնեին պաշտպանական և ռազմավարական վերանայում, գնահատեին ստեղծված անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ, արտաքին և ներքին սպառնալիքները, որոշեին ոչ միայն բանակների, այլ նաև կառավարության մաս կազմող յուրաքանչյուր գերատեսչության դերն ու նշանակությունը պաշտպանական քաղաքականության մեջ: Դրանից ելնելով կազմեին բարեփոխումների կամ բանակի զարգացման ծրագիր, ինչը այսօրվա իշխանությունները չեն իրականացրել»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ասում է, որ եթե Հայաստան-Արցախ-ՌԴ, Արցախ ՊԲ-ՌԴ խաղաղապահ ուժեր հարաբերությունները պատշաճ մակարդակի լինեին, ապա մինչև հիմա կորոշվեր պաշտպանական կոնֆիգուրացիան, աշխարհագրական դիրքը, կարևոր ռազմավարական բարձունքները և բոլոր վտանգավոր տեղերում կկազմակերպվեր պաշտպանությունը: Չի կատարվել այնպես, ինչպես ՀՀ սահմաններին:

«ՀՀ իշխանությունները երբևիցե չեն բարձրաձայնել, որ իրենք հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը, բայց միայնակ տնօրինել են Արցախի անվտանգությունը պատերազմի ժամանակ և պատերազմից հետո միայնակ տնօրինում են՝ ամեն ինչ հանձնելով ադրբեջանցիներին և թուրքերին:

Եթե ցանկություն լիներ, եթե նպատակ դրվեր, եթե ռազմավարական կամք ունենա ազգը, մեր երկու հայկական պետությունները, ապա նրանք շատ վաղուց իրավիճակին համահունչ կստեղծեին անվտանգության միջավայրը և մինիմալ պայմաններ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Ես, լսելով այսօրվա իշխանություններին, տեսնում եմ, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից»,- եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

 

Back to top button