Նորություններ

«Այսօրվա իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ կուրորեն գնում է թուրք-ադրբեջանական տանդեմի տակ, խաղաղության կեղծ խաբկանքի տակ մտնելու». Ս.Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում, հայտարարեց, որ գլոբալ առումով Ադրբեջանի կողմից ասված միջանցքի տրամաբանության ներքո է դա իրականացվում, և դա անել, շրջանցելով բոլոր այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում, անընդունելի է, որովհետև ՀՀ-ում գոյություն ունի Ազգային ժողով, որը օրենսդիր մարմին է, և գործադիրը պատասխանատու է օրենսդիրի առջև: Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ն:

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտարարեց.

«2020թ.-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած փաստաթուղթ է, և դա կնիքն է այսօրվա իշխանությունների 2018թ.-ից սկսած գործունեության: Նրանք այդ կնիքով ամրագրել են այն բոլոր պարտությունները, կապիտուլյացիան, որը տեղի է ունեցել, իսկ ինչ վերաբերում է փաստաթղթի համապատասխան կետին, այնտեղ նշված է, որ համապատասխան ժամանակահատվածում պետք է աշխատեն նոր կառուցվող ճանապարհի նախագծի վրա, որից հետո պարզ կլինի, թե ճանապարհը երբ կկառուցեն: Ադրբեջանցիները դա կատարել են ժամանակից շուտ, բայց, այնուամենայնիվ, նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ պետք է միջանցք լինի 5 կմ լայնությամբ, որը Արցախը կկապի Հայաստանին: Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի ժամանակից շուտ հանձնելու մասին, այդ հարցը պետք է տալ այս իշխանություններին, թե ինչու են շուտ հանձնել, ինչու են խախտում հայտարարության 9-րդ կետի պահանջները, ինչու են տեղի ունենում բանավոր պայմանավորվածություններ:

Այս իրավիճակային դրության մեջ գնահատական տալով՝ ես եզրակացնում եմ հետևյալը, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի պաշտպանության բանակ, ՌԴ խաղաղապահ ուժեր և միգուցե նաև ստվերային՝ ՀՀ-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերություններում լուրջ բացթողումներ կան, որովհետև միջազգային երաշխիքների ձևավորման համատեքստում են»,- շեշտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանն ասում է, որ «Դիմադրության շարժումը» պայքարում է, որպեսզի կանխի իշխանության կողմից որևէ փաստաթղթի ստորագրում, բայց այս իշխանությունները Արցախի իշխանությունների հետ միասին բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերում:

«Ընդդիմությունը, բացի շարժման գործողություններից, բացի տեղում այդ ամենը դիտարկելուց, որևիցե այլ գործիքակազմ չունի: Ընդդիմությունը այսօր չի կարող ջոկատներ կազմել, դա պետական գործընթաց է, և պետք չէ այդ հարթության մեջ ամեն ինչ վերագրել այսօրվա ընդդիմությանը: Այն, որ Հայաստանի իշխանությունները երկիրը տարել են պատերազմի, և մենք պատերազմում պարտություն ենք կրել, ու այդ պարտությունների շարանը շարունակվում է մինչև այսօր: Այսօրվա իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ կուրորեն գնում է թուրք-ադրբեջանական տանդեմի տակ մտնելու, խաղաղության կեղծ խաբկանքի տակ մտնելու»,-եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Back to top button