ՄիջազգայինՆորություններ

Սոմալիում զինյալների կողմից հյուրանոցի պաշարման ընթացքում զոհվել է առնվազն 30 մարդ, կա 117 վիրավոր

Առնվազն 30 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Հայաթ» հյուրանոցի վրա «Ալ-Շաբաբ» իսլամիստական ​​խմբավորման զինված գրոհայինների կողմից հարձակման և մոտ 30 ժամ տևած պաշարման հետևանքով։ Այս մասին կիրակի օրը՝ օգոստոսի 21-ին, հայտնել են տեղի ոստիկանությունից։ Իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 117 մարդ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:

Օգոստոսի 19-ի երեկոյան զինյալները ներխուժել են հայտնի հյուրանոց, որը գտնվում է Ադեն Ադեի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում։ Հատուկ գործողության ընթացքում, որին մասնակցում էին ԱՄՆ-ում վերապատրաստված Սոմալիի հակաահաբեկչական հատուկ ջոկատները և ոստիկանության հատուկ ջոկատայինները, կիրառվել են ծանր զինատեսակներ։ Հյուրանոցի գրոհն ավարտվել է օգոստոսի 21-ի գիշերը։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները, որոնց թիվը դեռ պարզ չէ, զինված են եղել նռնակներով և «Կալաշնիկով» ինքնաձիգներով։ Անվտանգության ուժերի նախնական հաշվարկներով՝ գրոհին ներգրավված են եղել 4-5 զինյալ։  Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ»-ը՝ հայտնելով, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ:

Back to top button