Նորություններ

«Ֆաթուլաևի այցը Աղավնո կարելի է միանշանակ որակել որպես տեղեկատվական ահաբեկչություն». Արցախի ԱԳ նախարար

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Էյնուլա Ֆաթուլաևի հարցադրումները, այնուհետև պատրաստած նյութը խեղաթյուրված է, բնական է, որ ունի քաղաքական երանգ, հայատյացության դրսևորում է պարունակում:

«Էյնուլա Ֆաթուլաևի այցը Աղավնո կարելի է միանշանակ որակել որպես տեղեկատվական ահաբեկչություն, որովհետև նա նման արարքով փորձել է նյարդային իրավիճակ ստեղծել Արցախում և արցախահայության շուրջ: Նրա հարցադրումները, այնուհետև պատրաստած նյութը խեղաթյուրված է, բնական է, որ ունի քաղաքական երանգ, հայատյացության դրսևորում է պարունակում: Էյնուլա Ֆաթուլաևը իրեն սկզբում ներկայացնում էր որպես անկախ լրագրող, մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով, բայց պարզվեց, որ նա կրկնակի գործակալ է, աշխատում է ռեժիմի համար: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն նպատակները, իրենց հայատյացությունը: Եթե Ֆաթուլաևը ունենար մի փոքր օբյեկտիվություն, այդպիսի զզվելի հոդված չէր գրի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եղել է Բերձոր և Աղավնո համայնքներում, զրուցել բնակիչների հետ։ Նա «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդված է հրապարակել ու մանրամասն պատմել իր այցի մասին՝ խեղաթյուրելով իրականությունը եւ փաստերը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ չի բացառվում, որ ադրբեջանցի լրագրողը խաբեությամբ է մտել Աղավնո, իրեն այլ ձևով է ներկայացրել: Արցախի ԱԳ նախարարն ասում է, որ այս ամենը դեռևս պիտի պարզվի:

«Նման երևույթները շատ վատ են, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք նման երևույթները: Մենք պետք է հույսեր և հավատ ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի… մեզնից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ Արցախը հնարավոր է փրկել, իսկ այդ փրկությունը պիտի սկսել ապաքինվելով և ինքնամաքրվելով: Մենք պիտի դրսից փրկիչներ ման չգանք կամ նստենք ու իրար մեջ մեղավորներ փնտրենք: Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը՝ ինքնամաքրման և վերածննդի համար։ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում, և այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է և հայրենասիրությունը: Մենք հիմա այլընտրանք չունենք»,- շեշտեց Արցախի ԱԳ նախարարը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ մենք պիտի լինենք ուժեղ և կարողանանք վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ հարաբերվենք մեր դաշնակիցների հետ, պիտի կարողանանք պահպանել հավասարակշռությունը, որովհետև միայն այդ հավասարակշռությունն է կայուն խաղաղության հիմքը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button