Նորություններ

86-ամյա ակադեմիկոսը հետևել է հավաքականի ելույթներին և կարեւորել է մեր շախմատիստների արձանագրած հաջողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանի բնակարան՝ տեսակցելու ակադեմիկոսին և պատվելու նրա վաստակը:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Վանիկ Զաքարյանի դերակատարությունը Հայաստանի գիտական, ակադեմիական կյանքում, ինչպես նաև հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նրա անուրանալի ներդրումը և նշել՝ իր համար մեծ պատիվ է ակադեմիկոսի հետ անձամբ շփվելն ու նրան տեսակցելը: Վահրամ Դումանյանն առողջություն և բարօրություն է մաղթել Վանիկ Զաքարյանին՝ ընդգծելով նաև նրա մեծ վաստակը սերունդների կրթման և դաստիարակության գործում:

Վանիկ Զաքարյանն ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։

Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։ 1990-1994 թթ. Վանիկ Զաքարյանը եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 1994-2004 թթ.՝ նախագահը: 2004 թվականից Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պատվավոր փոխնախագահն է։

«Հայաստանի շախմատի հավաքականի՝ Համաշխարհային օլիմպիադայում գրանցած վերջին հաջողությունից հետո ցանկացա այցելել Հայաստանում շախմատի զարգացման գործում լրջագույն ներդրում ունեցած մեր անվանի ակադեմիկոսին: Վանիկ Զաքարյանը երկար տարիներ եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, այս ոլորտում ունի շատ մեծ հետագիծ և անուրանալի ներդրում: Դա մենք իսկապես շատ ենք գնահատում և կարևորում»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:

Վահրամ Դումանյանը Վանիկ Զաքարյանի հետ զրույցում վերհիշել է նրա ջանքերով Հայաստանում անցկացված երկու խոշորագույն շախմատային միջոցառումները՝ 1996 թվականի Համաշխարհային օլիմպիադան և աշխարհի թիմային առաջնությունը:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ այն, որ մեր երկրի համար այդպիսի ծանր ժամանակներում Հայաստանում անցկացվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, իսկապես անհավանական իրադարձություն էր. «Դրանում շատ մեծ էր հենց Վանիկ Զաքարյանի դերակատարությունը: Միջազգային ֆեդերացիայի՝ նրա հանդեպ ունեցած մեծ հարգանքի շնորհիվ օլիմպիադայի անցկացումը վստահվեց Հայաստանին: Իսկապես շատ մեծ է նրա վաստակը հայկական շախմատի տարածման և զարգացման գործում: Վանիկ Զաքարյանը մեծ հեղինակություն է վայելում ՖԻԴԵ-ում, որտեղ իրեն գնահատում և ճանաչում են»:

Նշենք՝ Վանիկ Զաքարյանը 1996 թվականին պարգևատրվել է ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմով: Նա նաև շախմատային «Օսկարի» դափնեկիր է: Նրա անունը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։

86-ամյա ակադեմիկոսի հետ ԿԳՄՍ նախարարը զրուցել է նաև 2022 թվականի Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ցույց տված տպավորիչ խաղի և գրանցած արդյունքների շուրջ: Վանիկ Զաքարյանը նշել է՝ ինքը հետևել է Հայաստանի հավաքականի ելույթներին և ուրախ է մեր շախմատիստների արձանագրած հաջողության համար: Նա առանձնացրել է հատկապես գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի խաղը` կարևորելով նաև նրա՝ որպես  առաջատարի որակները:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն՝ վաստակած 19 միավորով: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Back to top button