Նորություններ

«Ոտքերն ու կրծքավանդակն էին վնասվել». «Սուրմալուի» պայթյունից հրաշքով փրկված Գայանեն արդեն տանն է

«Գայանեի առողջական վիճակը հիմա բավարար է. ոտքերն ու կրծքավանդակն էին վնասվել, բայց հիմա տանն է: Մնացած ամեն ինչը նորմալ է, պայթյունի օրը ես Գայանեին չեմ տեսել. օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին, առաջինը Գայանեն եկավ մտքիս, ասացի՝ նրան բան եղած չլինի: Ես Գայանեին հաջորդ օրն եմ տեսել, հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էին վնասվել ու այրվել, իր խանութը չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով վնասվածք ստացած Գայանե Խաչատրյանի ընկերուհին՝ Ժենի Քոչարյանը:

Գայանեն հրաշքով է փրկվել, պայթյունի ժամանակ իր խանութի ներսում չի եղել:

«Պայթյունից րոպեներ առաջ գնացել էր հենց այն վայրը, որտեղից էլ սկիզբ էր առել պայթյունը: Ու պայթյունի պահին Տիրոջ կամոք իր խանութի դիմաց էր եղել և ծխի ու կրակի բոցից մի կերպ դուրս է եկել: Բախտի քմահաճույքով իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում. այդ վայրում ոչինչ չէր մնացել:

Մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի՝ Գայանե, շատ ես տալիս, այդքան էլ պետք չէ,  ախր այդքան բարի պետք չէ լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանեին Աստված երկրորդ կյանք պարգևեց: Խորապես ցավում եմ կատարվածի համար, ցավակցում բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին:  Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ»,-եզրափակեց Ժենի Քոչարյանը:

 

Back to top button