Նորություններ

«Ձևական առումով գուցե քննեն և ամենափոքր «ռանգի» պաշտոնյայի գտնեն որպես պատասխանատու և նստեցնեն, դրանից ավելին չեմ ակնկալում»

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ մեզ մոտ ընդունված է, որ բոլոր հարցերի պատասխանը պիտի Նիկոլ Փաշինյանը տա, և դրա արդյունքում մենք այս իրավիճակում ենք:

«Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է մեծն փորձագետ և մտածում է, որ  կարելի է միայն տեսագրությունների ուսումնասիրություններով գնահատականներ տալ՝ նման նեղ մասնագիտական հմտություններ, փորձ պահանջող իրավիճակում: Գոյություն ունեն փորձագետներ, ովքեր տարիներով ուսումնասիրություններ են կատարում, բայց իրենց իրավունք չեն վերապահում տեսանյութերը նայելով գնահատական տալ: Մեզ մոտ ընդունված է, որ բոլոր հարցերի պատասխանը պիտի Նիկոլ Փաշինյանը տա, և դրա արդյունքում մենք այս իրավիճակում ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում արած հայտարարությանը, թե տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ «Սուրմալու»-ում ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսանյութերում ծուխ կա, փախչող մարդիկ կան։

«Սուրմալու»-ի ողբերգությունից 5 օր է անցել, բայց մինչև հիմա քննչական մարմինները, ԱԱԾ-ն նույնիսկ նախնական վարկած չեն ներկայացրել, փոխարենը իշխանությունն ամենաբարձր մակարդակով հերքում է շրջանառվող ահաբեկչության վարկածը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ ոչ մի վարկած էլ չի ներկայացվելու, ուղղակի ձևական ինչ-որ բան անել, իբրև գնում են բացահայտման ճանապարհով:

«Ոնց որ հիմա են քննություններ անցկացնում, ոնց կոռուպցիայի  դեմ են պայքարում, ոնց խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերն են քննում, այ էդ նույն տրամաբանության մեջ էլ սա կանեն: Այսինքն՝ ձևական առումով գուցե քննեն և ամենափոքր «ռանգի» պաշտոնյայի գտնեն որպես պատասխանատու և նստեցնեն այդ պաշտոնյային, դրանից ավելին  չեմ ակնկալում: Սա իշխանության ընդհանուր մոտեցումն է, անպատասխանատու պահվածք: «Մարտի 1»-ի գործով վարչապետը հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործը ամբողջությամբ բացահայտված է, բայց  վերջում Ռոբերտ Քոչարյանին արդարացման դատավճռով ազատ թողեցին»,- ընդգծեց Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը, անդրադառնալով պարբերաբար կրկնվող ռումբերի մասին կեղծ ահազանգերին, դրանց հեղինակների չբացահայտելուն, նշեց.

«Հայհոյանքը քրեականացնելու փոխարեն կարելի էր կեղծ ահազանգերը բացառելու համար խիստ մեխանիզմներ մշակել: Այնպիսի մեխանիզմներ, որ զանգողը հասկանար, թե իրեն ինչ կարող է սպասվել, ինչ կլինի հետևանքը:

Ինձ համար անընդունելի և անհասկանալի է, թե ինչ է նշանակում չենք կարողանում գտնել այն կետերը, որտեղից ԱԻՆ-ը նամակներ է ստանում:

Գիտեմ, որ ԱԱԾ-ն ունի վիրտուալ անվտանգության հատուկ ստորաբաժանումներ, ես չեմ հասկանում, թե նրանք ինչով են զբաղված, եթե չեն կարողանում գտնել այդ կետերը: Դա նշանակում է, որ լուրջ չեն ընդունում, կամ էլ նպատակ կա ներսում իրավիճակն ապակայունացնել, մարդկանց մոտ վախի և անորոշության մթնոլորտ տարածել»,- եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Անահիտ Չալիկյան

Back to top button