Նորություններ

Կրակոցներ Էջմիածնում. մեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ժամը 21:40 ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, նւոյն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ժամանել են նահ  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի  1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը և նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը:

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը, ժանանել է նաև  Արմավիրի մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենա, որոնցից մեկի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր:

Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում  զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորւթյամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին  քաղաքի Աբովյան փողոցում ու վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը ը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button