Նորություններ

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 41-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ կոտրել են իր հոր և եղբոր շիրմաքարերն ու գերեզմանատան վրայի մետաղյա ծածկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնում  նյութեր են նախապատրաստվել օգոստոսի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժին դիմած Երևանի բնակիչ, 41-ամյա Լ. Մ.-ի  հաղորդման  փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ այցելել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել է, որ օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում կոտրել և վնասել են իր հոր և եղբոր գերեզմանաքարերը, ինչպես նաև գերեզմանատան վրայի մետաղյա ծածկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած ոստիկաններին Լ. Մ-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի վնաս:

Գ. Շամշյանի հետ զրույցում Մրգաշեն գյուղի մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքի մասին առավոտ շուտ ենք իմացել: Մենք էլ ենք մտածում, որ հնարավոր է, վանդալիզմ է իրականացվել, բայց հակված ենք այն մտքին, որ շիրմաքարերը  տապալվել են ուժեղ քամու պատճառով, ինչպես նաև քամու հետևանքով է  մետաղյա ծածկը պոկվել: Մեր գյուղում մի քանի անգամ ուժեղ քամու հետևանքով գերեզմաններ են վնասվել:

Թող ոստիկաններն ու քննիչները պարզեն եղելությունը, թե արդյոք որն է իրականությունը՝ վանդալիզմը, թե քամին ու պատճառված վնասը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button