Նորություններ

Կվերակառուցվի միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը

Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 1,045,727,345 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 1,035,227,345 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10,500,000 ՀՀ դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար։ «Տարբեր հարցեր ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա խնդիրները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ՝ երրորդ շերտ, ասֆալտապատվի»,- նշել է նախարարը:

Արձագանքելով՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի: «Մենք նաև Տաթևի ոլորանները շրջանցող՝ Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի շինարարությունն ենք իրականացնում: Այդտեղ պետք է շատ հետևողական և սկզբունքային լինենք, որպեսզի աշխատանքները նախատեսված ժամանակին և  որակով իրականացվեն, և նոյեմբերին, ինչպես նախատեսված է, ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչապետը: 

ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է  որոշում: Արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։  Ըստ այդմ՝  առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից:

Մասնավորապես,  նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար հատկացնել 2,294,364,634 ՀՀ դրամ, որից՝ 2,259,074,648 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, տեխնիկական հսկողության համար՝ 21,129,427 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 14,160,559 ՀՀ դրամ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր — Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհահատածն անցնում էր Շիրակի մարզի Բենիամին համայնքում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություներից խուսափելու նպատակով վերակառուցվող ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Դրա համաձայն՝  տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտին։ Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող թվով 76 միավոր հողամասեր որոշ հատվածներ՝ առանց որոնց օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը։

Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է հանրության գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի Բենիամին, Լանջիկ, Հայրենյաց, Ձորակապ, Ազատան բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուրը 88 միավոր հողամասեր:  Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30- ը:

 

Back to top button